ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
2018թ. մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել 2018թ. ապրիլի 20-ին Երևան քաղաքի Արմենակյան-Մյասնիկյան փողոցների հատման մոտակայքում «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։
Թ.Ենոքյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Վերջինիս ցուցմունքի համաձայն՝ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նորք-Մարաշ տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել են փողոցը, իսկ մեկ այլ խումբ բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ: Իրեն տեսնելով՝ երկու անձ՝ արական և իգական սեռի, բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ հարվածել տեսախցիկին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:
Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, քննության առարկա դարձվել դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունը։
Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե