Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախկին մանկաբարձ-գինեկոլոգ, ներկայումս՝ հանգուցյալ, բժշկի հետ իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով չեն իրականացրել Հռիփսիմե Նազլուխանյանի հետծննդաբերական բուժմիջոցառումները, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել է Հ. Նազլուխանյանի մահը:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին։
32-ամյա կինը առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձագետները կնոջ մոտ ախտորոշել են ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն։
«Հ. Նազլուխանյանի մահվան անմիջական պատճառն է հեմոռագիկ շոկը, որը պայմանավորված է հետծննդաբերության վիճակից հետո, վաղ հետծննդյան շրջանի, հեշտոցի ձախ կողմնային պատի անցումով արգանդի պարանոցին ծննդաբերական պատռվածքի, հեշտոցի աջ կողմնային պատի արյունահավաքի, մասնակի կարված հեշտոցի ձախ կողմնային պատի պատռվածքի, հետորովայնամզային տարածության և փոքր կոնքի փափուկ հյուսվածքների՝ արյունով ներծծման, արտաքին սուր արյունահոսության, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասության հետ»,- նշված է փորձագիտական եզրակացության մեջ: