Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 22-ամյա կինը մեղավորել է ճանաչվել տասնվեց տարին չլրացած անձի հետ պարբերական սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքում: Դատարանի վճռով՝ կինը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման:
Կնոջ նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան, կնոջ վարքագծի նկատմամբ սահմանվել է վերահսկողություն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կողմից: Կնոջ վրա դրվել է պարտականություն` չփոխել մշտական բնակության վայրը: Ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով` ակնհայտ 16 տարին չլրացած` 15-ամյա անչափահաս տղայի հետ մեկնել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկը և ապրել նրա հետ: Որպես ամուսիններ՝ պարբերաբար սեռական հարաբերություն են ունեցել, որի արդյունքում կինը հղիացել է, ծնվել է նրանց զավակը: Դեպքի պահին կինը 20 տարեկան է եղել:
Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, պնդում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու միջնորդությունը, այն ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննությունն անցկացնելու հետևանքները:
Մեղադրողը չի առարկել արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ:
Անչափահաս տուժողը և նրա ներկայացուցիչը հայտնել են, որ արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ չեն առարկում: Միաժամանակ հայտնել են, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք, պահանջ չունեն և չեն ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության: Դատարանը որոշել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ կնոջն առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, նա պետք է ենթարկվի պատժի:
Դատարանը, որպես ամբաստանյալ կնոջ անձը բնութագրող տվյալներ, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ՝ հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, խնամքին է գտնվում 14 տարին չլրացած` մեկ տարեկան երեխան, բնութագրվում է դրական, զղջում է կատարածի համար, անչափահաս տուժողը և նրա ներկայացուցիչը հայտնել են, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք, պահանջ չունեն և չեն ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության: Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայել են:
Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգել է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց ռեալ /իրական/ պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան: