Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը հանրապետության երկրորդ քաղաքում նշվեց զինվորական շքերթով և միասնության շուրջպարով:
Օրվա խորհրդով պայմանավորված՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց Վարդանանց հրապարակում հավաքված բոլոր ներկաներին ու ողջ հայությանը առաջին հանրապետության օրվա առթիվ: «1918թ. մայիսի 28-ին մեր ժողովուրդն իր միասնականության, անկոտրում կամքի շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու դարավոր ձգտումը: Շարունակվող ցեղասպանության, զանգվածային տեղահանությունների, սովի ու համաճարակի պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ սխրանքներ գործել Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում՝ ջախջախելով թուրքական զորքը՝ հիմք դառնալով Հայաստանի առաջին հանրապետության կերտման: Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց ազատ, անկախ, ինքնիշխան ու հզոր պետություն ունենալու գաղափարն ու ձգտումը հայ ազգը փոխանցեց սերնդեսերունդ՝ այն իրականություն դարձնելով 1980-ական թվականների վերջին: Վստահ եմ՝ հայ ժողովուրդն իր անկոտրում կամքը և միասնականությունը կկարողանա լավագույնս դրսևորել բոլոր ժամանակների մեր հաղթանակները պահելու և դրանք ամրապնդելու գործում»,- նշեց Գյումրու քաղաքապետը:
Զիվորական հմտությունների ցուցադրումից հետո մեկնարկեց ՀՀ ԶՈՒ Գյումրու կայազորի զինվորների հանդիսավոր երթն ըստ ստորաբաժանումների: Ինչպես միշտ այս անգամ ևս երթը եզրափակեցին Արցախյան հերոսամարտի մասնակիցները: Զինվորական քայլերթից հետո Գյումրու կենտրոնական հրապարակով անցան Գյումրիում գործող պարային համույթները, իրենց ելույթներից հետո բոլորը միասնության շուրջպար բռնեցին՝ նրանց միացան զինվորները, իսկ առջևում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր:
Երեկոյան տոնի առթիվ Վարդանանց հրապարակում տեղի կունենա տոնական համերգ:
Արմենուհի Մխոյան