Տիգրան Պասկևիչյան. «Ինքնուրույն աղոթք»
Advertisement 1000 x 90

Տիգրան Պասկևիչյան. «Ինքնուրույն աղոթք»

(«ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՂՈԹՔ» գրքից)

 ՀԵՐՈՍՆԵՐԸ

Մենք սպասեցինք, նրանք չեկան,

արտասվեցինք ու դառնացանք,

որոշեցինք ոչ մի անգամ

էլ չմատնել և չուրանալ։

Եվ մատնված անհայտության,

և մութի մեջ խարխափելով-

արդարության դուռը գտանք…

փակ էր, քանզի նրանք չեկան։

 

Եվ տրվեցինք արբեցումի,

հայհոյեցինք բարի ու չար,

մեզ ծաղրեցին, անարգեցին,

մեզ ասացին. «Նրանք չկան»։

 

Մենք լռեցինք, իբր գիտենք

նրանք ուր են ու երբ կգան։

Մեզ ասացին. «Դուք՝ ամենքդ,

հերոսներ եք, նրանք չկան»։

 

Ու մենք երկար չսպասեցինք

ու նստեցինք հացի սեղան.

մեզ մատուցված քաղցր գինին

մեր արյունն էր… ՆՐԱՆՔ ՉԵԿԱՆ։

1987

 

«Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամներին

Նորից բանտերը լցվել են լույսով,

նորից լույսերը մարում են դրսում:

Օրերն անցնում են ապահով ու գոհ

վերջին զեկուցման մտրակի ներքո:

Նորից մենք լավն ենք ու աշխատասեր,

նորից մենք – առողջ, խիզախ, կորովի,

թեեւ խավարն է հայրենիքը մեր

եւ բռնությունը – դիմակը գոյի:

Նորից խոստումներ մի կտոր հացի

եւ թողտվություն սերնդատվության:

Ասում են՝ իբր մեզանից բացի

կան կույրեր – երբեք լույսը չտեսած:

 

Երանի նրանց, զի կույր են մորից

ու հավատում են լույսին մշտագոհ:

Դրսում մարում են լույսերը նորից,

նորից բանտերը լցվել են լույսով:

1989

 

Երկիր, ես քոնն եմ, բայց իմը չես դու։

Ես քո զինվորն եմ, դու՝ իմ թշնամին։

Իմ երակներում արյունը քո հին

ճամփան է բռնել անհույս նահանջի։

 

Երկիր, քեզ հետ եմ, բայց մենակ եմ ես

սգում հրաշքը չկատարվելիք։

– Ո՞վ պիտի ողբա մահը մերժվածի,

ո՞վ պիտի նրա արյունը կրի։

 

Ես հարցնում եմ – չկա պատասխան։

Պատասխանում եմ – արձագանքն է խուլ։

– Ո՞վ լցրեց գինին ինքնամոռացման,

ո՞վ հավատը դարձրեց ուրացում։

 

Ինձանից հեռու ես ինձ եմ փնտրում։

Ինձանից հեռու գտնում եմ իմ դին։

Երկիր, ես քոնն եմ, բայց իմը չես դու։

Երկիր, սուզվում եմ քո արյան մեջ հին։

1987

 

ՆԱՄԱԿ ԱՌ ԵՐԵՎԱՆ

Այս մեծ քաղաքի աղմուկի միջից

քաղցր է հիշել քո դեմքը վհատ.-

մեծ երևալու անպտուղ տենչից

դու հոգնել ես չէ՞, հայրենի քաղաք։

 

Այստեղ քաղաքը մեծ է անհեքիաթ,

այստեղ ամեն օր խինդ է, ցնծություն,

երևի դու էլ ուզում ես արծաթ

շորերով շքեղ շողալ երգերում։

 

Երևի դու էլ ուզում ես կրել

լուսե վզնոցներ քո պարանոցին,

ու երազում ես ճերմակ զգեստներ

և ամուսնական ձնե անկողին։

 

Այստեղ քաղաքը մեծ է անհեքիաթ

և հարսանիք է անվերջանալի,

ամեն մոլորյալ համարվում է հարս,

փեսա է ամեն ստոր շանորդի։

 

Եվ քեզ էլ այսպես մի օր հարս տարան

ու մինչև հիմա չխոսկան ես դու։

Հիվանդ էր հայրդ, եղբայրդ՝ անկամ

չկանգնեց անգամ դուռը բռնելու։

 

Այս մեծ քաղաքի աղմուկի միջից

ի՜նչ ցավ է հիշել քո դեմքը վհատ,-

քեզ ետ բերելու անպտուղ ջանքից

և ես եմ հոգնել, և թուղթը ճերմակ։

1987

 

 

ԲԱՆԴԱԳՈՒՇԱՆՔ

 

Քաղաքը։ – Տուն անտերունչ։

Բնակիչնե՞րն են քիչ,

Թե՞ արձանները-շատ։

 

Միմյանց վաղուց ծանոթ

երկու, երեք, թե չորս

մուրացկաններ – թշվառ –

հաց են կիսում – արդար։

 

Հիմա նրանց մասին չէ, որ

ձև է առնում միտքս։

Ես նախ մարդ եմ, հետո

միայն բան ստեղծող։

 

Մարդ լինելուց առաջ,

մարդ լինելուց հետո

նույնն է։

Ըստվեր ու լույս –

գիրկընդխառն –

պարագծում հոգու –

դատապարտված հողին,

այսինքն թե ասֆալտ մակերեսին

այս փողոցի,

այսինքն թե սալքար մակերեսին

այս մայթերի

ու այս փոշուն, աղբին, թղթի կտորտանքին,

գարեջրից դրդված մեզի հոտին,

կարկանդակից պոկված բույրին յուղոտ։

 

Մարդ լինելուց առաջ,

մարդ լինելուց հետո

դու այստեղ ես եղել –

անձնագիրդ բաց-տես,

չկա ուրիշ քաղաք,

բացի մի քանիսից,

որ կան այնտեղ, ուր դու

չպետք է որ լինես։

 

Քաղաքը քո սա է։

Նայիր, տես ու կարդա,

ինչպես մեջքիդ դաջված –

բառեր –

հայելու ցոլքից անդառնալի շրջված։

 

Քաղաքը քո սա է,

և դու ես ենթակա

նրա ժամանակի քմայքներին։

1997

 

ԴԱՌԸ ՍՏԻԽ

Ես փնտրեցի քեզ, Երևան

մտքերի մեջ խելագարի,

աչքերի մեջ հըղի կանանց,

ոտների տակ հարբեցողի։

 

Ես փնտրեցի քեզ, Երևան

թերթերի մեջ լույս չտեսնող,

դեմքերի մեջ քաղաքական,

ծըրագըրում – մահ ավետող։

 

Ես փնտրեցի քեզ, Երևան

ակումբներում մոլախաղի։

Կային ոմանք, որ աննման

ճար ունեին հաղթանակի։

 

Ես փնտրեցի քեզ, Երևան

թափորի մեջ մահատըրոփ,

հանգուցյալի կոպերի տակ,

հայացքի մեջ իր ինքնամփոփ։

 

Ես փնտրեցի քեզ, Երևան

սրտում կանանց – փողով տրվող,

բոլոր նրանց, ում Տեր Աստված

վաղուց արդեն է աչքաթող։

 

Ես փնտրեցի քեզ, Երևան

այրվող աղբի կապույտ ծխում,

և գինետան ինքնահընար

ու ինքնաբավ գարշահոտում։

 

Ես փնտրեցի քեզ, Երևան

արձանների մարտադաշտում։

Կուռքեր տեսա արդիական –

ապրող արդեն ապագայում։

 

Ես փնտրեցի քեզ, Երևան

ըստվերի մեջ երկրպագու,

երկըրի տեղ մոխիր էր թաց,

շըրթունքի տեղ՝ ձեռ խուզարկու։

 

Ես փնտրեցի քեզ, Երևան

մութ անցյալում, ուր չես եղել,

ուր եղել ես իբրև անցած

մի անցյալի սոսկ իրեղեն։

 

Ես փնտրեցի քեզ, Երևան

թանգարանի ցուցափեղկում,

ուր քո մասին մի իրական

դատարկություն է գունատվում։

 

Ես փնտրեցի քեզ, Երևան

ցերեկվա մեջ ու գիշերի

ու ժամերի մեջ միջակա,

սըրընթացի մեջ օրերի։

 

Եվ իմ ներհակ տրտունջքի մեջ

և տողերում իմ կըրկնաբան –

(ինչպես վճիռը – չըլինել)

ես չըգտա քեզ, Երևան։

1997

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

groghucav.am