«Նուարդ» մշակութաին միությունը ս.թ. մայիսի 26-ին կազմակերպել է երեկո՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության, մայիսյան հաղթանակների 100-ամյակին: Դյոռնեի մշակույթի կենտրոնի ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Գեղամ Միլիքյանի՝ հայ հերոսների, հայ ճանաչված գործիչների դիմանկարների ցուցահանդեսը: Իդեպ, Գեղամը Անտվերպենի քաղաքապետին նվիրեց… քաղաքապետի դիմանկարը: Քաղաքապետը երկար ժամանակ հիացած նայում էր…ինքն իրեն: Ցուցահանդեսը բացեց եւ ներկաներին տոների առթիվ շնորհավորեց «Նուարդ» միության նախագահ Գեւորգ Մինասյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Անտվերպենի քաղաքապետ Բարտ դը Վեվերին, քաղաքապետարանի աշխատակիցներին, հոգեւոր հովիվ Տեր Արմեն Մելքոնյանին, տաղանդաշատ երգչուհի Մայա Մարգարյանին, ներկաներին՝ երեկոյին մասնակցելու համար, ապա խոսեց մայիսյան մի քանի պատմական իրադարձությունների մասին, որոնք ճակատագրական են եղել հայերիս համար: Հիմնական միջոցառումը կայացավ թատերական դահլիճում: Միջոցառումը բացեց «Նուարդ» միության երիտասարդական թեւի առաջնորդ Շահնուր Մինասյանը: Բանախոսը ներկայացրեց փաստեր հայ-ֆլամանդական կապերի մասին, ճանաչված հայերի՝ ովքեր մեծ դեր են խաղացել Բելգիայի պատմության ընթացքում, ապա խոսքը փոխանցեց Անտվերպենի քաղաքապետ Բարտ դը Վեվերին: Վերջինս հիացմունքով խոսեց Անտվերպենում հաստատված հայերի մասին, առանձնացնելով նրանց այլ ազգերից իրենց աշխատասիրությամբ, կազմակերպվածությամբ, ճանաչվածությամբ:
Երեկոյի եզրափակումը կատարեց Տեր Արմեն քահանա Մելքոնյանը:
Նա շնորհավորեց ներկաներին Հայաստանի թավշյա հեղափոխության առթիվ, սեր, միասնություն ու խաղաղություն մաղթեց բոլորին:
Համերգային մասը, որը վարում էր գեղեցկուհի Արեգնազ Մինասյանը, բացեց շնորհաշատ դուդուկահար Անդրանիկ Մուրադյանը:Հետո բեմը տրամադրվեց ֆլամանդական ազգագրական պարի անսամբլին, որն էլ ներկայացրեց մի քանի համարներ, որոնք ջերմորեն ընդունվեցին ներկաների կողմից: Այնուհետ նորից ու կրկին իր երգային ուրույն կատարումներով փայլեց Մայա Մարգարյանը:
Լավ երեկո եղավ, ներկաները գոհ մնացին: Մտովի տեղափոխվեցինք Հայրենիք ու…մնացինք:
«Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայություն