Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ շաբաթ օրը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փողոցներում անձրևաջրերի կուտակումներին, ինչպես նաև ջրահեռացման համակարգում առաջացած խնդիրներին՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ:
«Տարիներ շարունակ սրա հետ կապված հարվածներն ու մեղադրանքները միայն մեզ են ուղղվել, մինչդեռ անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է:
Ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը ևս Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է և իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից: Հանրությանը պետք է տեղեկացնել, թե ով և ինչի համար է պատասխանատու և ով պետք է պատասխան տա քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունների համար: Եթե ոմանց թվում է, թե թաքնվելով և հայտարարություններով հանդես չգալով անհայտ են մնալու, ապա չարաչար սխալվում են:
Մենք էլ ենք շարունակելու լինել պահանջատեր, քանի որ քաղաքացիները դիմում են մեզ, մենք էլ ձեզանից ենք պահանջում՝ անկախ նրանից, որ վերահսկողությունը Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չէ:
Կոնկրետ այս դեպքում անձրևընդունիչների մաքրումն ու սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության պարտականությունն է: Արդեն կանխատեսումներ կան, որ այս շաբաթ էլ են սպասվում առատ տեղումներ: Գնացեք ամբողջ թիմով նախապատրաստվեք ու մաքրեք անձրևընդունիչները, որ նման խնդիրներ չլինեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ արդեն իսկ նախապատրաստական քայլեր են ձեռնարկվում հորդառատ անձրևի հետևանքով մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում փլուզված հենապատի վերականգնման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տվյալ աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն