Ամենացավալին այն է, որ իրենց կյանքը վտանգած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել. ՀՀ նախագահ. aysor.am
Advertisement 1000 x 90

Ամենացավալին այն է, որ իրենց կյանքը վտանգած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել. ՀՀ նախագահ. aysor.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։

«Բնական է, որ երեկ ու այսօր զինվորների օրն է, իսկ այստեղ են զինվորներ, որոնք իրենց առողջությունն են տվել հայրենիքին, այստեղ կան փայլուն տղաներ, որոնք թողել են իրենց կյանքը Ռուսաստանից կամ ուրիշ երկրներից, վերադարձել են Հայաստան, կամավոր գնացել են բանակում ծառայելու: Ինչպե՞ս կարող ես այս մարդկանց մոռանալ անկախության օրվա առիթով», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահը։

Նա նշեց, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն իր այցը պարտականություն էր։

«Մտնելով այս կենտրոն՝ ուղղակի հիացում ես ապրում, աշխարհի լավագույն վերականգնողական կենտրոնների մակարդակի կենտրոն ունենք և դա ճիշտ լուծում է, որովհետև Հայաստանում այսօր խնդիր ունեցող 1500 զինվոր կա, 1500-ին չես կարող արտասահման ուղարկել: Ճիշտ է, որպեսզի մենք ունենանք ու այսօր ունենք այդ կենտրոնը», – ասաց Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահի խոսքով՝ զարմանալի չէ, որ կենտրոնի հիմնադիրներն այստեղ աշխատավարձով չեն աշխատում։

«Որովհետև սա աշխատավարձի տեղ չէ, սա հոգու տեղ է, երբ որ մարդիկ գալիս են իրենց ժամանակը, եռանդը, գիտելիքը ներդնեն, օգնեն ուրիշներին», – ասաց Ա. Սարգսյանը։

Նա նշեց, որ տղաների հետ առանձին զրույցից հասկացել է՝ նրանք երջանիկ են, որ այս կենտրոնում են։

«Հանգստի սենյակ ունեն, որ ԱՄՆ նախագահի աշխատասենյակի որակը ունի», – ասաց նա։ Նախագահի խոսքով, սակայն, այս ամենի հետ մեկտեղ, շատ մեծ խնդիր էլ կա։

«Հազար հինգ հարյուր հոգու մասին որ խոսում ենք, 35 հոգի կարող են գալ այստեղ մշտական ու հիսուն հոգի էլ ամբուլատոր: Այս բարի աշխատանքի ծավավը պետք է մեծանա, բայց ունենք ավելի մեծ խնդիր, տղաների խնդիրներն իրենց առողջությունը վերականգնելով չեն ավարտվում, նրանցից շատերն ունեն ընտանեկան պրոբլեմներ, տուն չունեն, ընտանիքներ ունեն, որտեղ բավարար չէ իրենց պայմանները ու ունեն սոցիալական խնդիրներ, և ամենացավալին այն է, որ իրենց կյանքը վտանգի դրած տղաներն այսօր ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել», – ասաց Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ պետք է գտնել սիստեմատիկ լուծում։

«Ֆինանսական  օգնության հոգեբանությունը մենք պետք է մի կողմ դնենք, չի կարելի ամեն ինչ օգնությամբ անել: Այս տղաներին պետք է այնպես անել, որ իրենց թոշակն արժանի լինի իրենց նվիրումին», – ասաց ՀՀ նախագահը։

Նա ընդգծեց, որ նման կենտրոններ պետք է նաև շրջաններում լինի։

«Որովհետև վիրավորված մարդկանց Հայաստանի հյուսիսից, հարավից, Ղարաբաղից այստեղ  բերելը դժվար է, բայց, ամենակարևորը, վերականգնողական կենտրոնը պետք է լինի, առողջապահական, հոգեբանական, որովհետև այս մարդիկ մեծ տրավմա են անցել ու երրորդը՝ սոցիալական վերականգնողական: Ես շատ պարզ առաջարկություն ունեմ՝ այն երիտասարդները, որոնք այստեղ են գալիս, պետք է վերադառնան նորմալ կյանք», – շեշտեց ՀՀ նախագահը։

Նա նշեց՝ 20 տարեկան երիտասարդը եթե 80 տարի ապրի, պետք է 60 տարի օգնե՞լ։

«Ինքն իրեն պետք է օգնի, մենք լուծում պետք է գտնենք, ես վարչապետի, առողջապահության նախարարի հետ կխոսեմ այս հարցով», – ասաց Արմեն Սարգսյանը։

Հարցին՝ ինքը, որպես ՀՀ նախագահ, ինչ-որ նվեր կամ աջակցություն կցուցաբերի՞ կենտրոնին, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Իմ մտքով շատ բաներ է անցնում ու ես դա անում եմ, դուք գիտեք, որ ես ու ընտանիքս մեծ բարեգործություն ենք անում, բայց ես չեմ սիրում դրանք հայտարարել, բարեգործությունը, որ պետք է հայտարարվի՝ ես եկա, էսքան փող տվեցի, էս նվիրեցի, ինչ-որ ձևով վիրավորական է: Բարեգործության արդյունքով կարող ես ուրախությամբ կիսվել»։

aysor.am