Տավուշի մարզի փոքրիկ գյուղակը, որտեղ մեզ բերեց երկար, ոլորապտույտ ճանապարհը, Հայաստանի հեռավոր սահմանային կետերից է, Վերին Կարմիր Աղբյուր, Մովսես, Չինարի գյուղերի հարևանն է: Այստեղ գտանք «Եղնիկներում» ծառայող այն զինվորի տունը, որը մոտ կես տարի փակված է Շուշիի բերդում: Նրան մեղադրում են իր ծառայակից ընկերոջը՝ Նարեկ Ադիբեկյանին սպանելու համար /Քր. Օր-ի 104-րդ հոդված, մաս առաջին/:
Ըստ նրա խոստովանության, Նարեկ Ադիբեկյանը շուրջ երեք ամիս հետապնդել, ծեծել, բռնաբարել է իրեն, ինչի արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 11-ին, իր խոսքերով, այն բանի հետո, երբ որ Ադիբեկյանն իրեն «ծնող է հայհոյել», նրանից թաքուն լիցքավորել է իր ինքնաձիգը և առանձին մենահատ կրակոցներ արձակելով, առնվազն 8 անգամ սպանել է Նարեկ Ադիբեկյանին: «Պաշտոնական» մարդասպանի քույրը գտնում է, որ եթե այն ամենն, ինչ իրեն հասել է այս դեպքի մասին, ճշմարտություն է և իր եղբայրը «երեք ամիս տանջվել է, նոր է արել այդ բանը», ուրեմն, լավ է արել, որ սպանել է. «Բա ի՞նչ պետք է աներ, ինքն իրե՞ն սպաներ: Հիմա ասում են՝ թույլ ա եղել, որ թողել ա, իր հետ տենց վարվեն, բայց եթե ինքնասպան լիներ, ավելի թույլ կգտնվեր»,- ասում է նա:
Զինվորի անուն-ազգանունը, գյուղի անունը չենք հայտնում, սպանության մեջ մեղադրվող տղայի հարազատների խնդրանքով: Նրան պայմանական Մ.Մ. անվանենք:
Ամոթալի մանրամասները՝ մորից թաքուն
Զ-ն տեղյակ չէ, թե ինչու է որդին կրակել, դեպքի ամոթալի մանրամասները նրանից թաքուն են պահել, խնայելով մոր սիրտը: Նա սպանության մասին իմացել է երկու օր հետո. «Դեկտեմբերի 11-ին ա եղել, մեզ զանգել են 13-ին, ասել են, որ ձեր երեխան զինվոր ա խփել»: Մայրը պատմեց նաև, որ հետագա ամիսներին ընդամենը մի անգամ է տեսել որդուն, 5-6 րոպե է հնարավորություն ունեցել խոսել հետը, երբ տղային բերել էին Նուբարաշենի հոգեբուժարան՝ դատաբժշկական փորձաքննության:
«Փետրվարի վերջին բերել են հոգեբուժարան: Ասեց՝ ես եմ սպանել, ասեց՝ մամա, ինձ անընդհատ ճնշելիս է եղել: Տարածքում ոստիկաններ էին պտտվում, մեզ երկար չեն թողել, որ խոսենք»,- պատմում է կինն արտասվելով, բայց և այնպես հավատա,ով, որ սպանողը որդին է: Ինչո՞ւ եք հավատում հարցին, պատասխանում է. «Ինքն է ասել»:
«Եթե կողքով անցնելուց սիլլեին, գլուխն էլ չէր թեքի, որ պատասխաներ»
Մինչդեռ նրա համագյուղացիները զարմացել են, երբ լսել են, որ Մ.Մ-ն մարդ է սպանել: «Էդ երեխեն էնքան խելոք էր, հանգիստ, խեղճ: Եթե կողքով անցնելուց սիլլեին, գլուխն էլ չէր թեքի, որ պատասխաներ: Էդքան խելոք էր»,- ասում է Մ.Մ-ի մասին գյուղապետը: «Նա խեղճ երեխա էր, մի ճանճի էլ կյանքում վնաս տված չկա», – պատմում է զինվորի հարևանուհին: Իսկ մայրը տրնտջում է. «Իմ տղան խեղճ էր: Երես տալ , բան չի ունեցել, մեր տան հոգսը հավասար քաշում էր: Հավասար մեզ հետ աշխատում էր»:
Համագյուղացիները պատմեցին նաև, որ Մ-ի երկու ափերի մեջ այրվածքներ են եղել: «Ասում են, էդ տղային ամբողջ զորամասով ճնշելիս են եղել: Նրան նստեցրել են մեջտեղները, ձեռքերը պարզած, երկու կողմից զինվորները ծխել են, մոխիրը թափ են տվել ափերի մեջ»,- պատմեց Մ. Մ-ի հարևաններից մեկը: Այս նկարագրությունից արդեն երևում է, որ Մ.Մ-ին տանջողը մեկը չի եղել:
Ըստ դատաբժշկական եզրակացության, նրա ափերի մեջ, իրոք, այրվածքների հետքեր են եղել, վնասվածքներ են նկատվել նաև շուրթերի, այտերի, հետույքի, քթի, ամորձապարկի շրջանում, ուղիղ աղու լորձաթաղանթի արյունազեղումներ, մաշկի արտափքվածքներ, ճեղքեր, պատռվածքներ հետանցքի շրջանում երակների հիվանդագին փոփոխություններ, կոշտ և բութ առարկայի ներթափանցումների հետքեր: Այս ամենի մեղավորը նախաքննության մարմինը կարգել է սպանված զինծառայող Նարեկ Ադիբեկյանին:
Մ.Մ-ի մայրը ասում է, որ որդին ամեն անգամ մարտական հերթապահությունից վերադառնալուց հետո, ընկել է բուժմաս: «Առաջին անգամ իջավ, «սանչաստում» էր, երկրորդ անգամ էլի, զանգեց, ասեց՝ սանչաստում եմ, մի երեք անգամ տենց ա եղել: Ասում էր՝ ականջս է ցավում, մի անգամ էլ իջավ՝ ոտներս են ցավում, ինչ էին անում երեխիս հետ, չգիտեմ», – պատմում է չարքաշ կինը:
Մինիմում 12 պարկուճ է կրակված, բայց քննիչը ցույց է տվել 6-ը
Ամբողջությամբ՝ forrights.am