ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն մարտական հերթապահության, այդ թվում նախիջևանյան հատվածում կատարվող աշխատանքի վերաբերյալ հնչած գնահատականներում: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«ՀՀ զինված ուժերը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքներն ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումներն ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»,- ասված է գրառման մեջ: