ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն է տեղափոխվել այս գիշեր` ժամը 01։20–ին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին բուժհաստատությունից։
«Մեզ մոտ է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերով, բարձր ճնշումով»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` այս պահին Սիմոնյանի վիճակը կայուն է դեղորայքի ֆոնին։ Այսօր պետք է կատարվի կորոնարոգրաֆիա։ Ռեկտորին առայժմ կհսկեն բժիշկները։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի պետական համալսարանում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տա, հոգաբարձուների խորհուրդը լուծարվի, համալսարանում աուդիտ անցկացվի և ժամանակավորապես դադարեցվի ուսխորհրդի և արհմիության գործունեությունը:
Ուսանողները արգելափակել էին ռեկտորի աշխատասենյակը, նա մի քանի ժամ մնացել էր իր աշխատասենյակում, ապա հեռացել համալսարանից, իսկ ուսանողները որոշել էին մնալ ԵՊՀ-ում և նստացույց անել։