Երևանի փոխքաղաքապետը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել
Advertisement 1000 x 90

Երևանի փոխքաղաքապետը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանից հայտարարությամբ պահանջել է հրապարակայնորեն ներողություն խնդրել։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս Վահե Նիկոյանի հայտարարության մեջ նշված է. «Ս. թ. մայիսի 30-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընդմիջմանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ ես, մեջբերում եմ, «լրագրող եմ ծեծել»:

Ես՝ Վահե Նիկոյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մարինա Խաչատրյանի այս պնդումն ակնհայտ սուտ է և զրպարտություն։ Նշված անձի սանձարձակություններն ու սադրանքները Երևանի ավագանու նիստերի ընթացքում բոլորին են հայտնի, սակայն ակնհայտ զրպարտությունը դուրս է որևէ տրամաբանության կամ ողջամտության սահմաններից։

Պահանջում եմ Մարինա Խաչատրյանից անհապաղ հրապարակայնորեն ներողություն խնդրել ակնհայտ ստի, իմ պատիվն ու համբավն արատավորելու փորձ կատարելու համար։

Որպես Երևանի ավագանու անդամ՝ Մարինա Խաչատրյանը պետք է գիտակցի, որ հրապարակային ցանկացած խոսք պատասխանատվություն է ենթադրում և այլ անձանց զրպարտելն օրենքով պատժելի արարք է»։