«Անմեղ մարդուն հանգիստ թողեք». պաշտպանները միջնորդեցին արդարացնել Շուշանիկ Բախշյանին ու Անի Բաբելյանին. news.am
Advertisement 1000 x 90

«Անմեղ մարդուն հանգիստ թողեք». պաշտպանները միջնորդեցին արդարացնել Շուշանիկ Բախշյանին ու Անի Բաբելյանին. news.am

Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով այսօր՝ մայիսի 31-ին, ճառով հանդես եկավ պաշտպանական կողմը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում գործով ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Կարեն Կիրակոսյանը պահանջեցին արդարացնել իրենց պաշտպանյալին: Ըստ Սիրունյանի՝ իրավապահները գործը չեն ցանկացել քննել ամբողջ ծավալով, առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն: Պաշտպանի պնդմամբ, նույնիսկ դատախազությունը համոզված չէ, թե ով է մեղավոր Մերի Մարգարյանի և նորածնի մահվան մեջ:

«Անմեղ մարդուն հանգիստ թողեք, փնտրեք մեղավորին: Բացի դրանից, Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի սուբյեկտը շարքային բժիշկը չէ»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Պաշտպանի գնահատմամբ, մեղադրանքի հիմքում դրված ապացույցները գործին վերաբերելի չեն, բացի փորձագետի եզրակացությունից, որում, սակայն, նույնպես չկա պատճառահետևանքային կապն ու թե որ պարտականություններն է խախտել կամ թերացել Շուշանիկ Բախշյանը: Ճառի ավարտին Սիրունյանն ընդգծեց՝ Շուշանիկ Բախշյանի վերաբերյալ արդարացման դատական ակտ պետք է կայացվի:

Գործով մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը նույնպես միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին: Ըստ պաշտպանի, առաջադրված մեղադրանքը ոչ միայն հիմնավորված չէ, այլ ապօրինի է, ավելին, մեղադրանքի կողմը պետք է հրաժարվեր մեղադրանքից:

«Նախաքննական մարմինը բացահայտ միտում է ունեցել Անի Բաբելյանին շինծու մեղադրանք առաջադրել: Մեղադրանքի կողմին չի հաջողվել դատարանում պաշտպանել իր իսկ մեղադրանքը: Մենք հույս ունենք, որ դատարանը կկայացնի օբյեկտիվ դատական ակտ»,- ասաց նա:

Գեղամ Հակոբյանը ճառում կրկին պնդեց, որ Անի Բաբելյանը 2015թ.-ի հուլիսի 25-ին իջել է ընդունարան, հանդիպել Մերի Մարգարյանին, ուղարկել հետազոտությունների, իսկ ինքն էլ բարձրացել վիրահատարան՝ ժամը 20.10-ից 21.20-ը կեսարյան հատում անելու: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները վստահեցնում են, որ Անի Բաբելյանը Շուշանիկ Բախշյանի ցուցումով չի իջել Մերի Մարգարյանին զննելու, ավելին, իրենք հիվանդանոց են գնացել շուրջ 2 ժամ առաջ:

«Չկա որևէ հետևություն, որ հուլիսի 25-ին չհոսպիտալացնելն է հանգեցրել մահվան»,- նշեց Գեղամ Հակոբյանը:

Անի Բաբելյանի մյուս պաշտպան Կարեն Սարդարյանը նույնպես հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է, որևէ ապացույց չկա, որ Անի Բաբելյանն է մեղավոր ծննդկանի և նորածնի մահվան մեջ:

Դատարանը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց, որից հետո ճառերով հանդես կգան ամբաստանյալները:

Հիշեցնենք, որ մեղադրող Արա Մնացականյանը պահանջել է Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով, իսկ Անի Բաբելյանին՝ 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը միջնորդել է Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին դատապարտել առավելագույն պատժի:

news.am