70 ամյա Գագիկ Մուրադյանը սկսում է Երևան-Գյումրի բոկոտն քայլարշավ
Advertisement 1000 x 90

70 ամյա Գագիկ Մուրադյանը սկսում է Երևան-Գյումրի բոկոտն քայլարշավ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ 70 ամյա Գագիկ Մուրադյանը բոկոտն քայլարշավ է իրականացնելու: Սա Գագիկ Մուրադյանի առաջին նմանօրինակ ակցիան չէ:

«Երկրաշարժի 10-րդ տարելիցին Գյումրու թիվ 10 դպրոցի երեխաների թվով՝ խորհրդանշական 333 կմ աղետի գոտով վազեցի: Երկրաշարժի զոհերի հիշատակի օրերին շատ եմ վազել, իսկ հիմա հստակ նպատակ ունեմ՝ նոր իշխանություններին հիշեցնելու 30 տարի տնակում բնակվողների մասին:

Հիմնական նպատակը ուշադրություն գրավելն է»,-նշեց նախկին ֆուտբոլային մարզիչը՝ հույս հայտնելով, որ այս տարի Հայաստան Համահայկական հիմնադրամի գումարներն ամբողջովին կուղղվեն Գյումրի՝ խնդիրը լուծելու համար: Գագիկ Մուրադյանը տեղեկացրեց, որ ավելի քան 20 տարի ֆուտբոլի մարզիչ է եղել, աշխատել է Գյումրու Սարքաշինական գործարանում: Նպատակ ունի հունիսի 1-ին վաղ առավոտյան բոկոտն քայլել դեպի ՀՀ վարչապետի տան մոտ՝ շնորհավորել վարչապետին՝ ծննդյան առթիվ, ապա այնտեղից ոտքով շարժվել Գյումրի, 1 օր Գյումրիում մնալուց հետո կրկին քայլել՝ այս անգամ Սպիտակ-Ստեփանավան-Ալավերդի:

«Ես մտադիր էի Ջավախք էլ մտնել, բայց խնդիրներ կան»,-նշեց Գագիկ Մուրադյանը շեշտելով, որ քայլերթը բոկոտն է իրականացնելու ավելի քան 30 տարվա փորձ ունի, օրական մտադիր է ոչ պակաս 40 կմ քայլել: Երևանից Գյումրի նպատակ ունի քայլել ոչ ավել, քան 3 կանգառով: