Կոմիտասի թանգարան-ինստիտուտում յուրահատուկ օր էր. շրջայցը վարեցին ոչ թե թանգարանի աշխատակիցները, այլ երեխաները: Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մշակութային կառույցը շրջայց վարելու հնարավորություն էր ընձեռել մի խումբ փոքրիկների:
8-ամյա Անի Անանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց` առաջին անգամ է թանգարան-ինստիտուտում շրջայց վարում: «Կոմիտասի թանգարանում շատ եմ եղել, անգամ դասարանցիներիս ու ընկերներիս հետ եմ եկել: Երբ առաջին անգամ եկա Կոմիտասի թանգարան, սկսեցի ուսումնասիրել սրահները, ցանկանում էի ձեռք տալ նկարներին, բայց գիտեի, որ չեմ կարող թանգարանային նմուշներին ձեռք տալ»,-նշեց Անին:
10-ամյա Ավետիս Էսկենյանն էլ շրջայցի ընթացքում պատմեց Կոմիտասի մասին, թե ինչպես է նա, քաղաքից քաղաք, գյուղից գյուղ շրջելով, հավաքել տարբեր երգեր, դրանք մաքրել օտար ելևէջներից ու փոխանցել ժողովրդին:
«Արդեն երկար ժամանակ է`մտածում էինք, թե ինչպես երեխաներին ևս մեկ տոն պարգևենք, ինչպես անենք, որ երեխաների թանգարան այցելությունը հետագայում դառնա նրանց կենսակերպը: Մենք փորձեցինք իրականացնել այս միջոցառումը` թանգարանը վստահել փոքրիկներին: Այսօր ամեն մի երեխա ներկայացնում է մեկ սրահ, սովորել է Կոմիտասի բանաստեղծությունները, կենսագրությունը»,- զրույցում նշեց Կոմիասի թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Մարինա Գևորգյանը:
Շրջայցի ավարտին փոքրիկ-էքսկուրսավարներն անակնկալ կատարումներով հանդես եկան այցելուների համար: Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի օգնությամբ միջոցառման վերջում երեխաները իրենց տպավորություններն արտահայտեցին պատկերներով՝ նկարելով թանգարանի բակում:
Հունիսի 1-ի առթիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի նաև «Մանկական երգեր» կրթական ծրագիրը: Կրթական ծրագիրը կվարի Աննա Մուղալյանը: Հատուկ փոքրիկների համար կանցկացվի նաև համերգ` «Շողակաթ» մանկական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Կարինե Եզեկյան):