Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի միջոցառումներին կազմվել է հյուրերից այնպիսի ցանկ, որ օթյակում ու պարտերում տեղ գտնեն հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները: Հունիսի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նրա խոսքով` Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպվել են դեռևս նախորդ կառավարության օրոք և ֆինանսավորման զգալի հատված տրամադրված է եղել միջոցառումների անցկացման համար, արդեն իսկ կար կազմված հյուրերի ցանկ, որտեղ մեծամասնությունը ՀՀԿ ներկայացուցիչներն էին:
«Ըստ այդմ, մենք որոշեցինք, որ անհրաժեշտ է այս տրամաբանությունը փոխել, և պետք է օթյակներում ու պարտերում տեղ զբաղեցնեն ոչ այնքան պաշտոնատար անձինք, որքան հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները»,- ասաց Աղաջանյանը:
Հարցին` արդյո՞ք Արա Բաբլոյանը հրավիրվել է որպես Ազգային ժողովի նախագահ և տեղ էր զբաղեցնելու օթյակում, Աղաջանյանը պատասխանեց.
«Ես ևս մեկ անգամ տեղեկացնեմ, որ պարոն Բաբլոյանը հրավիրվել է, և նա հրավիրվել է որպես Ազգային Ժողովի նախագահ, ծրարի վրա գրված է եղել «ԱԺ նախագահ Արա Բաբլոյան»: Իսկ ինչ վերաբերում է օթյակում նստելու հարցին, դա պետք է տալ արարողակարգի պատասխանատուին»,- ասաց Աղաջանյանը:
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28-ին կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին չէր մասնակցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա նշել էր, որ Հանրապետության տոնին մասնակցության առնչությամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք: