Այսօր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց, որ առաջին աշխատանքային օրվանից ուսումնասիրել է նախարարության ծրագրերի ֆինանսական հատվածը. «Ունեմ մտավախություններ, տեսել եմ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր: Եթե մենք կարողանանք ձերբազատվել կոռուպցիոն ռիսկերից և առավել արդյունավետ բյուջեն օգտագործենք, ծրագրերը ոչ կտեղափոխվեն, ոչ էլ կկասեցվեն»:
Նախարարը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի՝ կոռուպցիոն ռիսկեր ասելով. «Եթե 10 տարի շարունակ նույն կազմակերպությունները շահել են տենդերները և ընթացիկ ծրագրերը պետք է այդ նույն կազմակերպությունները անեն, ես միանշանակ, որպես սփյուռքի նոր նախարար, խնդիրներ եմ տեսնում»: Մխիթար Հայրապետյանն ասաց, որ վերստին մրցույթներ եթե հայտարարեն՝ բաց, թափանցիկ, բոլորին հասանելի պայմաններով,, միանշանակ կշարունակեն այդ ծրագրերն իրականացնել՝ բնականոն հունով: Մենք փորձեցինք ճշտել՝ որտե՞ղ է տեսել կոնկրետ կոռուպցիոն ռիսկը՝ նախարարը պատասխանեց. «Որպեսզի հիմնավոր խոսեմ, ինձ մի քանի օր ժամանակ հարկավոր կլինի, որովհետև մենք հիմա հավաքագրում ենք, աշխատում ենք աուդիտի հետ»:
Ամբողջությամբ՝ aravot.am