Երևանի դատարանում շարունակվում է ՔԿ-ի քննիչ Միքայել Զադոյանի, նրա վերադաս Բունիաթ Եղիազարյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի գործով դատաքննությունը:
Բաբկենն իբր փաստաբանի միջոցով 3000 դոլար է փոխանցել քննիչներին, որ իր որդուն՝ Սոս Գասպարյանին մեղադրանք առաջադրեն ոչ թե քր. օր-ի 112 հոդվածով՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու, այլ ավելի մեղմ՝ անհրաժեշտ պաշտպանության անցումով՝ առողջությանը պատճառված վնասի համար, ինչը քննիչները չեն արել:
Կայացած վերջին նիստում դատարանը շարունակեց որպես ապացույց ներկայացված տեսանյութի հետազոտումը:
Տեսանյութի «սցենարիստը» ԱԱԾ-ն էր, որը կրկին տեսանկարահանող սարքը կպցրել էր ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի դոշին և ուղարկել սույն գոծով մյուս ամբաստանյալներ Միքայել Զադոյանի և փաստաբան Գայանե Գալոյանի մոտ՝ ենթադրյալ վերցված կաշառքի վերաբերյալ կոմպրոմատներ հավաքելու:
Եվ այսպես, Բաբկենը դուրս է գալիս «աշխատանքի»՝ Էրեբունի համայնքում գտնվող Գայանեի փաստաբանական գրասենյակ-պուլպուլակ-ոստիկանություն /Միքայելի մոտ/ երթուղով:
Միանգամից ասեմ, որ 42 րոպեանոց տեսանյութի մոտ 35 րոպեն մեղադրանքին վերաբերելի տվյալ չէր պարունակում, մնացած 7 րոպեի կեսը՝ փաստաբանական գրասենյակում արված տեսաձայնագրումը ձեռք էր բերվել օրենքի խախտմամբ և որպես ապացույց՝ անթույլատրելի է մեղադրանքի հիմքում դնելու համար: Դրանով խախտվել էր նաև փաստաբանական գաղտնիքի մասին օրենքը, այլ անձանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը: 7 րոպեի մնացած հատվածում էլ Մ. Զադոյանը կա, բայց պրովոկացիոն և վատ ձայնագրված զրույցի մեջ որևէ էական բան չկա:
Սկզբում Բաբկենին գործի ուղարկողները «ինստրուկտաժ» են անում հեռախոսով /նաև՝ օպերացիայի ընթացքում/, հետո՝ Բաբկենը մոտենում է Գայանեի գրասենյակի մատույցներին և ակամայից նկարում գործի հետ բացարձակ կապ չունեցող այլ անձի:
Այնուհետև փողոցում այնքան է «սադկի» նստում, մինչև քննիչ Զադոյանը գալիս է և սկսում է նրա հետ փողոցում մի քանի նախադասություն փոխանակել, որոնք պարզ չէին լսվում: Այդուհանդերձ, հաջողվեց մի քանի նախադասություն որսալ: Զադոյանը հարցնում է՝ «վերջը քեզ ի՞նչ ասեց »: Բաբկենը «խոտանված պլաստինկայի» նման կրկնում է՝ «ընչի՞ սենց եղավ»…Չի լսվում… Զադոյանն է խոսում՝ «Հիմա դու ինձ ընենց բան ես ասում, որ ես չգիտեմ՝ Գայանեն ինչ ա ասում: Ես չհասկացա՝ դու ինչ ես ասում: Կասեմ՝ թող նորմալ բացատրի»:
Բաբկեն. «Գայանն ասում ա՝ գնացել հազար մարդու բան ես ասել /Բաբկենի մասին է խոսքը-հեղ./»: Կարճ զրույցից հետո Զադոյանը հեռանում է:
Բաբկենը մտնում է Գայանեի փաստաբանական գրասենյակ և խոսում նրա հետ՝ փաստաբանական ծառայությունից օգտվող այլ անձի ներկայությամբ: Բաբկենը դիմում է Գայանեին. «Դու եկար, ասեցիր՝ 450,000 իմ գործի համար, 3000 էլ՝ ասիր գործի համար /չի հասկացվում/… Կնիկս ինձ էսօր դեբիլ ա ասում»:
Գայանե. «Բաբկեն, գոնե սուտ մի խոսա, ես քո լակոտը չեմ: Ինչ ասել ես՝ դու ես ասել, ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ասել: Ի՞նչ ես ինձանից ուզում»:
Բաբկեն. «Ուզում եմ իսկությունն իմանամ…»:
Գայանե. «Իսկություն չկա…Չես թողնում, որ սիրով որդուդ օգնենք»:
Բաբկեն. «Ախր ես էլ ուզում եմ ճշտեմ»:
«Բաբկեն, ներվեր չունեմ: Գնա»,-զայրանում է Գալոյանը:
Բաբկեն. «Փոխանակ ես մունաթ գամ, դու ես մունաթ գալի՞ս»: Այդ ընթացքում գրասենյակում այլ քաղաքացու անձնական խոսակցությունն է տեսաձայնագրվում:
Որոշ ժամանակ անց Բաբկենը նորից դիմում է Գայանեին. «Գայ, կարա՞նք ես ու դու գնանք քննիչի մոտ»:
Գայանե. «Տեղը գիտես՝ գնա, ես գամ՝ ի՞նչ անեմ»:
Բաբկենը դուրս է գալիս գրասենյակից, մատույցներում պտտվում է, իրեն հրահանգավորողից հեռախոսազանգեր ստանում: Սկզբում զեկուցում է, որ շեշտել է 450,000 բառը, և որ նորից է մտնելու մոտը: Նորից են զանգում: Բաբկենը ենթակայի պես ասում է՝ «լսում եմ, ահա, հասկացա, եղավ», ու շարժվում՝ պուլպուլակով դեպի ոստիկանություն:
Սկզբում չի հաջողվում մտնել Միքայել Զադոյանի մոտ: «Ասեցին՝ զբաղված ա. Կարող ա՞ մի բան կասկածել ա»,- իրեն զանգողին ասում է Բաբկենը և կրկին բարձրանում Զադոյանի մոտ: Վերջինս հարցնում է՝ «Խոսացի՞ր. ի՞նչ ա ասել»: Այլ անձինք են խոսում, ընդմիջվում է, լավ չի լսվում: Հետո Բաբկենը դիմում է Մ. Զադոյանին և խնդրում՝ տղա ջան, մի հատ ճշտես, որ իմանամ՝ ինչ եմ անում…
Զադոյան. «Ըտենց բան մի ասա ախպերս: Լավ , կգաս թարգմանչի հետ պայմանագիր կկնքես /կատակելով/ , որ ես ձեր մեջ՝ քո ու Գայանի միջև թարգմանիչ աշխատեմ: Լավ, ես կխոսամ Գայանի հետ, հասկանամ՝ ինչ ա եղել, չեմ հասկանում»:
Ամբողջությամբ՝ 1in.am