ԱԱԾ-ի տեսանյութում երևացող «Նորֆոլկ» ընկերության տնօրենի տանը հայտնաբերված գումարները օրինական են եղել. Փաստաբան. aysor.am
Advertisement 1000 x 90

ԱԱԾ-ի տեսանյութում երևացող «Նորֆոլկ» ընկերության տնօրենի տանը հայտնաբերված գումարները օրինական են եղել. Փաստաբան. aysor.am

Առանձնապես խոշոր չափերով հարկերը չարամտորեն խուսաթելու մեղադրանքով կալանավորված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբան Սամվել Անդրիասյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք բողոքարկել են Ունանյանին կալանավորելու մասին որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանը դեռ բողոքի քննության օր չի նշանակել։

«Առաջադրված մեղադրանքն իմ պաշտպանյալը չի ընդունում», – ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով կալանավորվել է երեք անձ՝ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը, գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը և հաշվապահության ծառայության գծով տնօրեն Սիմոն Առաքելյանը:

Վերջին երկուսը ևս, ինչպես մեզ հետ զրույցում ասել էր նրանց փաստաբանը, չեն ընդունում իրենց մեղադրանքը։

Փաստաբանն առայժմ վաղ է համարում ասել՝ արդյոք իր պաշտպանյալը մասնակցել է քննչական գործողությունների։ Իսկ հարցին, թե Արթուր Ունանյանի հետ առերեսում կատարվե՞լ է, Անդրիասյանը ասաց. «Ոչ, ոչ։ Ներկա պահին առերեսումներ չկան»։

Հարցին, թե ի՞նչ է կարծում նրա պաշտպանյալը՝ արդյոք հետապնդում էր իր նկատմամբ, փաստաբանն արձագանքեց, որ դրա հետ կապված որևէ դիրքորոշում չեն ցանկանում հայտնել։

«Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գործը կապված է 7 մլն ԱՄՆ դոլար հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ չվճարելու հետ։ Իմ պաշտպանյալն ասել է, որ այդ մեղադրանքը չի ընդունում», – ասաց փաստաբանը։

Դիտարկմանը, թե ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարկել, որտեղ երևում էր գումարը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերվել էր Ունանյանի առանձնատանը, փաստաբանն արձագանքեց. «Գումարն, այո՛, հայտնաբերվել է, բայց դա հարկերը խուսափելու արդյունքում գոյացած գումար չի։ Դա այն գումարն էր, որով պետք է վճարեր հարկերը։ Դա օրինական գումար է եղել»։

Ավելի վաղ Aysor.am-ը հրապարակել էր ԱԱԾ հաղորդագրությունը, որի համաձայն «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսում մենաշնորհային դիրք է զբաղեցրել։ Ավելին, հիմնադրվել է Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում) գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին։

Ըստ աղբյուրի՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։

«Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում հաշվարկվել է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։

Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար», – նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։

aysor.am