Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանըխոստանում է Արդարադատության նախարարության հետ համագործակցել քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար աշխատանք ապահովելու ուղղությամբ: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նախարարը նշեց, որ այս հարցում իսկապես խնդիր կա, քանի որ շատ դատապարտյալներ ցանկանում են աշխատել, սակայն նման հնարավորություն ստեղծելու տարբերակները սահմանափակ են:
«Այս խնդիրը իսկապես կա, բայց կա նաև տեսակետ, որ քաղաքացիներին այստեղ չես կարող լայն հնարավորություն տալ տարբեր աշխատանք իրականացնել: Դրանք սահմանափակ են, և սա որոշ դեպքերում մարդու իրավունքների հետ կապված խնդիր է առաջացնում, և այս առումով Արդարադատության նախարարության հետ աշխատանք կա իրականացնելու»,- նշեց նախարարը:
Նա խոստացավ համագործակցել Արդարադատության նախարարության հետ և հասկանալ, թե որոնք են այդ հնարավորությունները, որովհետև դրանք այնքան էլ շատ չեն: Մանե Թանդիլյանը նաև կարծիք հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համար աշխատանքի հնարավորության ստեղծումը նաև լավ լուծում է, որպեսզի նրանք հետագայում ազատության մեջ կարողանան ավելի հեշտ ինտեգրվել հասարակությանը: