Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որը հրաժարականի դիմում է ներկայացրել, գտնում է, որ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանք են։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանն ասաց, որ հայաստանյան զարգացումներն Արցախում բավականին մեծ փոփոխություններ են մտցրել ժողովրդի մտածելակերպում. «Հայաստանյան զարգացումներն են մեզ ավելի շատ բերել դրան»։
Նա ասաց, որ կանգնած է լինելու նրա կողքին, ով իրեն է փոխարինելու. «Մշտապես աջակցելու եմ բոլորին իմ հնարավորության սահմաններում։ Թող մարդիկ տեսնեն, որ կառչած չենք աթոռին, որ հնարավոր է՝ բարձրաստիճան պաշտոնյան հրաժարականի դիմում տա, քայլի փողոցում, ունենա ազատ ժամանակ՝ շփվելու իր ընտանիքի, հարազատների հետ։ Ես ունեմ 2 տարեկանը չլրացած աղջիկ, ուղիղ 6 օր նրան արթուն չեմ տեսել, բայց իմ ամենամեծ հաճույքն է՝ գրկել նրան ու համբուրել, ուզում եմ մի քիչ իմ ընտանիքի հետ շփվել»։
Ի պատասխան դիտարկման՝ դուք անձնականը հասարակական շահից վեր եք դասում, Ա. Հարությունյանը վստահեցրեց, որ ինքը դավաճան չէ. «Տարիները ցույց են տալու»։