«Հրապարակ» թերթը գրում է. «Այդպես էլ չիմացանք, թե մեր հարգարժան առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի` տպավորիչ պատվիրակությամբ այցը «տո լի Բիշքեք, տո լի Աստանա» ինչքան նստեց պետության վրա: Իր պատմելով` էժան են պրծել, որովհետեւ թռել են վարչապետի օդանավով, բայց այսպես չի լինի․ թվեր ասեք, թվեր, փողը հաշիվ է սիրում: Այցի բարոյական կողմի մասին էլ դեռ չենք խոսում: ԱՊՀ-ի այդ ի՞նչ ժողով էր, որտեղ պետք է ներկայացված լինեինք գրեթե ողջ հանրապետությամբ: Գոնե ելույթ ունեցե՞լ են, թե՞ գնացել էին մարդկանց տեսնելու եւ «զա ադնո» իրենց ցուցադրելու:
Սփյուռքի մեր դեռատի նախարարին մոռացել են քարտեզի վրա Սփյուռքի տեղը ցույց տալ: Դա արդեն լուրջ բացթողում է, այլապես այս նախարարության աշխատանքների շրջանակը Մխիթար Հայրապետյանին պատկերանում է Հրանուշ Հակոբյանի կոտրված կահկարասիից մինչեւ խորհրդավոր փակ սենյակն ընկած տարածությամբ, որը պարզվեց՝ այնքան էլ փակ չէ, նախարարության 1-ին բաժինն է: Խնդրում ենք փոխանցել նորանշանակին, որ Արեւմտյան Հայաստանը, Ջավախքը եւ Նախիջեւանը Սփյուռք չեն: Բացի այդ, նա փակ տարածության ֆոբիա ունի, եւ նրան թվում է, թե բոլորն արշավ են սկսել իր անձի դեմ: Այս հարցում արդեն նրան կարող են օգնել համապատասխան մասնագետները:
Երեւանի ավագանու աթոռից ԿԳ նախարարի աթոռին հայտնված Արայիկ Հարությունյանին պետք է տեղեկացնել, որ եթե ՀՀ նախագահը նրան իր հետ տանում է թենիս խաղալու, դա դեռ չի նշանակում, որ նա լավ թենիս խաղացող է: Եվ, առհասարակ, նախագահին Սլավոնական համալսարան ուղեկցելու փոխարեն պետք էր ուղեկցել հայկական որեւէ բուհ, որ նա տեսներ ոչ թե Սլավոնական համալսարանի ռեկտորի երջանկությունից փայլող դեմքը, այլ խաղքուխայտառակ եղած մեր բուհերի թշվառ վիճակը: Ասա` Բոլոնիայի պայմանագրի նախարարական գագաթնաժողովին մասնակցած մարդ ես, բա կարելի՞ է ՀՀ նախագահի ներկայությամբ կանգնել՝ ձեռքերը «շլվարի» գրպաններում…
Մշակույթի գեղեցկուհի նախարարին, առհասարակ, որեւէ դիտողություն չունենք անելու, որովհետեւ Լիլիթ Մակունցը, բացի ազգությունից, որեւէ այլ կապ չունի ոլորտի հետ: Չգիտեմ էլ՝ մարդկության քաղաքակրթության ակունքները հասնող մեր մշակույթին նախարար պե՞տք է, թե՞ ոչ: Նոր անկախության տարիներին այս ոլորտը նախարարների թեթեւ ձեռքով վերածվել է ամենակրիմինալ ոլորտներից մեկի` առողջապահությունից հետո: Եվ, առհասարակ, եթե հիշողությունս չի դավաճանում, մի ժամանակ գեղեցկուհիներին, սովորաբար, արդարադատության նախարար էին նշանակում:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: