«Ես չգիտեմ Ժորիկին». Արարատ Միրզոյան
Advertisement 1000 x 90

«Ես չգիտեմ Ժորիկին». Արարատ Միրզոյան

«Ես չգիտեմ Ժորիկին: Բայց եթե իրոք թմրադիլլեր է և խորհրդական է, վատ է»,- այսօր Ազյաին ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին:

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝  Գեորգի Մուրադյանը՝ Ժորիկը, եղել է Օդեսայում գլխավոր հյուպատոսը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։

Այս օրերին մամուլը նաև հիշեցրեց 2006 թվականի սկզբին «02»-ով ցուցադրված մի տեսանյութ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկված ծանրոցի մասին. «Հիշյալ անձնավորությունը որոշակի շրջանակներում հայտնի է: Մեզ պատմեցին, որ 2006 թ. սկզբին «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով: Դեռ ԱՄՆ-ում երկրի հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է թմրանյութ՝ կոկաին, ինչպես պարզվել է՝ մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է: Սակայն, հասկանալի է, ամերիկացիները ժամանակից շուտ չէին ուզում «փախցնել» ծանրոցի հասցեատիրոջը, որպեսզի, ինչպես ասում են, հանցագործության տեղում «վերցնեն» նրան, ուստիեւ տեղյակ են պահում իրենց հայաստանյան գործընկերներին: Մինչդեռ «հնարամիտ» Մուրադյանն ինքն անձամբ չի գալիս ստանալու «ծանրոցը», այլ համոզում է իր ծանոթ երկու աղջիկներին անել դա իր փոխարեն, նրանց տալով մի անդորրագիր… Բանից «բեխաբար» աղջիկները գնում են ստանալու ծանրոցը եւ իհարկե տեղում ձերբակալվում ՀՀ պատկան ծառայությունների աշխատակիցների կողմից: Բնականաբար, նրանք անմիջապես պատմում են, թե ինչպես է «մեծ ջենտլմեն» Գեորգի Մուրադյանը «պադստավկա» արել իրենց: Էլի, բնականաբար, վերջինս անմիջապես ձերբակալվում է, որից հետո ԱՄՆ-ում ձերբակալում են նաեւ իր հանցակցին: Մուրադյանը դատապարտվում է, սակայն մի որոշ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ… »։

Ավելի ուշ, իհարկե, ԱԱԾ-ի քննչական վարչության իրականացրած նախաքննությունը պարզել է, որ Գ. Մուրադյանը կապ չունի, իրեն այն ժամանակ մեղադրանք չի առաջադրվել և չի դատապարտվել:

Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լրագրողների հարցերին ի պատասխան նաև ասել է, որ ինքը «տվյալ անձին»՝ Ժորիկին չի ճանաչում:

ԱՍՏՂԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ