Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գառնի գյուղի Երևանյան փողոցի սկզբնամասում բախվել են Գառնի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Թելման Եղիազարյանի վարած Golf մակնիշի 35 QX 206 համարանիշի և Գողթ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Պատվական Հովասափյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏT 891 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Թ. Եղիազարյանն ու «07»-ի ուղևորուհի՝ Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Վերջանուշ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրանց տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Թ. Եղիազարյանը ծառայում է Ոստիկանության Զորքերում, իսկ Պ. Հովասափյանը՝ ՀՀ ՊՆ Երևան քաղաքի Ռազմական Ոստիկանությունում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: