Կրակոցներ Սևանի դատարանի մոտ. կա տուժած
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Սևանի դատարանի մոտ. կա տուժած

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում:  Նշենք, որ դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝  Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդիու սպանության գործով դատավարությունը։  Մեղադրյալը Մեխակ Հարությունյանն է՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին:

«Փաստինֆո»-ի թղթակցի այս տեղեկությունը հաստատեց նաև քրեական գործով տուժող, սպանված Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Մինչ դատարանի շենք մտնելը՝ բակում, որտեղ եղել է նաև Սևանի ոստիկանության բաժնի պետը, ոստիկանության այլ ներկայացուցիչներ, և բազմաթիվ անձինք, ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել տուժողի իրավահաջորդի հասցեին, հրազենը պահել են նրանց ուղղությամբ:

Այս ամենից հետո, ում ձեռքին եղել է հրազենը, կրակել է տուժողի իրավահաջորդի վրա: Տուժողը, մեր տեղեկություններով,Ռաֆիկ Վանոյի Հակոբյանն է։  Այս պահին նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Ըստ մեղադրանքի, Մեխակ Հարությունյանը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է ռազմամթերք հանդիսացող 48 ատրճանակային փամփուշտներ և գործարանային արտադրության մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ԻԲ 6528 համարի Մակարով տեսակի ատրճանակ, որից արձակված 7 կրակոցներով 2017թ. հունվարի 07-ին,ժամը 12.20-ի սահմաններում սպանել է Հայկ Անդրանիկի Հակոբյանին:

Նշենք, որ այս գործով քրեական զարգացումներ են եղել նաեւ նախաքննության փուլում. սպանության փորձ է տեղի ունեցել «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Մխիթար Հարությունյանի նկատմամբ, որի դեպքի առթիվ հարուցվել է առանձին քրեական գործ եւ ուղարկվել դատարան։

pastinfo.am