ԵՊՀ միակ ֆակուլտետը, որտեղ մրցակցություն կլինի. hraparak.am
Advertisement 1000 x 90

ԵՊՀ միակ ֆակուլտետը, որտեղ մրցակցություն կլինի. hraparak.am

Վերջին տարիներին բուհական նստարանների համար պայքար գրեթե չի լինում։ Դիմորդներն աչքերը փակ ընդունվում են ախորժելի ֆակուլտետներ։ Մինչդեռ առաջ կատաղի պայքար էր ընթանում մեկ տեղի համար։ Իսկ ընդունելության քննությունները անցնում էին գերլարված մթնոլորտում։

Այսօր ոչ լարվելու, առավել ևս՝ «պայքարելու» առիթ չկա։ Բուհական դատարկ լսարաններ ու նստարաններ՝ ուզածիդ չափ, մի քանի «պծիշկա» և վերջ, դու Մայր բուհի ուսանող ես։

Միասին աչքի անցկացնենք ԵՊՀ դիմորդների շարժն ըստ 1-ին հայտի։ Ի դեպ, բակալավրիատի դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլում ԵՊՀ է դիմել 1519, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2632 դիմորդ։

Ցանկում «նախանձելի» վիճակում է «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետը, որը վերջին 2 տարում ամենապահանջված ու ամենաշատ դիմորդներ ունեցող ֆակուլտետն է։

Շուրջ 52 մասնագիտությունից միայն վերոնշյալ ֆակուլտետի «Տեղեկատվական անվտանգություն» կրթական ծրագրում է, որ սահմանված տեղերի քանակից ավելի դիմորդներ կան․ 41 տեղի համար կպայքարի 52 դիմորդ՝ նախորդ տարվա 59-ի փոխարեն (11 անվճար տեղ)։

Գրեթե նույն պատկերն է այդ ֆակուլտետի համանուն կրթական ծրագրում․ 213 տեղի համար «կպայքարի» 211 դիմորդ՝ անցած տարվա 268-ի փոխարեն (33 անվճար տեղ)։

Վերջին ժամանակների «ամենապրեստիժնի» համարվող Իրավագիտություն բաժնում ռեյտինգի առումով ոչինչ չի փոխվել։ 142 տեղի համար 141 դիմորդ կա՝ նախորդ տարվա 227-ի փոխարեն, որից 2-ը՝ անվճար։

Տարիներ շարունակ ամենամոդայիկ բաժիններից մեկը համարվող Միջազգային հարաբերություններում այս տարի «տխուր» վիճակ է։ 142 տեղի համար այս տարի դիմել է 91 դիմորդ, անցած տարի դիմորդների թիվը այս բաժնում 132 էր։

Թեև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այս տարի PR-ի պակաս չունեցավ՝ կապված վարչպետ Փաշինյանի ու նրա տիկնոջ՝ այդ ֆակուլտետում ուսանած լինելու հանգամանքով, այդուհանդերձ, այս տարի դիմորդները նվազել են։ 74 տեղի համար դիմել է 50 դիմորդ՝ անցած տարվա 77-ի փոխարեն (անվճար 4 տեղ)։

Հայոց լեզու և գրականություն բաժնի 126 տեղի համար դիմել է 43 դիմորդ՝ անցած տարվա 108-ի համեմատ։

Կառավարում– 72 տեղի համար՝ 60 դիմորդ, Տնտեսագիտություն– 122 տեղի համար՝ 45 դիմորդ։ Պատմություն– 69 տեղի համար՝ 29 դիմորդ։

Մայր բուհում կան մի քանի կրթական ծրագրեր, որոնք այս տարի ընդամենը մեկ հայտատու ունեն։ Դրանք են՝ Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա, Երկրաբանություն, Եկեղեցաբանություն կրթական ծրագրերը։

Ի դեպ, միասնական քննությունների մեկնարկը տրվել է այսօր։ Դիմորդները կենսաբանություն, աշխարհագրություն, համաշխարհային պատմություն առարկաներից հանձնում են քննություններ։ Քննական հաջորդ օրը հունիսի 12-ն է, հայոց լեզու և գրականություն առարկաների հերթն է։ Հունիսի 15-ին ֆիզիկա առարկայի քննությունն է, 19-ին՝ օտար լեզուներ, 22-ին՝ մաթեմատիկա, 25-ին՝ քիմիա, հայոց պատմություն։ Հունիսի 27-ին էլ ռուսաց լեզվի քննությամբ կամփոփվեն միասնական քննությունները։

Վով Մուշեղյան

hraparak.am