Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։
«Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։
Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,- տեղեկացրել էր նա։
Գրառման ներքո քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նկատել է. «Թիկունքային 50 կմ նոր ճանապարհն էլ ենք մարդասիրության շրջանակներում թո՞ւյլ տվել, որ կառուցեն, ինչպես որ գրում են, ու ինչպես որ հիշում ենք շաբաթներ առաջ այնտեղ ինժեներա-պաշտպանական աշխատանքների մասին մեր պաշտոնական բարձրաձայնումներից:
Թույլատրել ենք, որպեսզի ադրբեջանցիները գրեն, թե հարձակման են անցել ու Նախիջևանը վերադարձնո՞ւմ են մաս-մաս: Անհասկանալի է քայլը, եթե այն չի գնահատվում, ավելին՝ օգտագործվում է մեր դեմ»: