Araratnews.am-ն անդրադարձել է Շվեդիայի Օրեբրո քաղաքում մահացած Դավիթ Բարսեղյանի գործին:
Հիշեցնենք՝ Դավիթ Բարսեղյանը մահացել էր 2017-ի փետրվարի 6-ին: Ընդամենը չորս օրով էր 32-ամյա երիտասարդըը մեկնել Շվեդիա: Ըստ հարազատների` Դավիթի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որի պատճառով նրա երկու ընկերները ցանկացել են ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանց ճանապարհը փակել են տեղի ոստիկանները, իջեցրել ավտոմեքենայից: Այդ պահին Դ. Բարսեղյանը կորցրել է գիտակցությունը, վայր ընկել ոստիկանների աչքի առաջ, որից հետո մի կերպ բարձրացել է, հենվել սյանը, սկսել փսխել: Այդ ընթացքում նրա հետի երկու տղամարդիկ անընդհատ նշել են, որ անհապաղ շտապօգնություն կանչեն, մարդը շատ վատ է զգում, սակայն ոստիկանները շտապօգնություն չեն կանչել, անգամ չեն թողել, որ ընկերները մոտենան և օգնեն, հայհոյանքներ են տվել: Դրանից հետո երկու ոստիկան մտել է Դավիթ Բարսեղյանի թևերը, տարել ոստիկանության բաժնի մեկուսարան, որտեղ նույնպես որևէ բուժաշխատող չեն հրավիրել: Մոտ մեկ ժամ անօգնական վիճակում մնալով` Դ. Բարսեղյանը մահացել է:
Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների փաստաբան Մարկ Սաֆարյանից Araratnews.am-ն այսօր տեղեկացավ, որ գործն ուղարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Շվեդիայում Դավիթի հարազատները այդպես էլ արդարադատության չեն հասել: