Նախկին կառավարության օրոք՝ 2015թ. հունիսի 10-ի որոշմամբ, պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Մաշտոցի 52 հասցեի անշարժ գույքը նվիրվել է Երևանի պետական համալսարանին, որից ընդամենը ամիսներ անց՝ նույն թվականի սեպտեմբերի 16-ին, ԵՊՀ-ի կողմից 2.160.000.000 դրամով վաճառվել է «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ին:
Նկատենք, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին գույքն օտարելու մասին թույլտվության փաստաթուղթը ստորագրել է նախկին վարչապետ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Խոսքը ԵՊՀ «Հյուրերի տան» մասին է, որը ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշեց վաճառել ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ):
Ժամանակին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատճառաբանել էր, թե այդ գումարով պետք է վերականգնեն մարզական համալիրը, որպեսզի «ուսանողների ֆիզկուլտուրայի և սպորտի դասերը և նրանց ֆիզիկական կուլտուրայով զբաղվելն ավելի նպատակային լինեն»։
Գործը նոր ընթացք է ստանում, մասնավորապես, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ այս հարցով դիմել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզաբանում ստանալու վերոնշյալ իրավական ակտի՝ 1 899 686 126 դրամ սկզբնական արժեքով դրույթի վերաբերյալ.
«Մեզ համար անհասկանալի է, թե խոսքը որ գնի մասին է՝ շուկայակա՞ն, թե՞ մնացորդային, այսինքն՝ հաշվապահական: Միաժամանակ, անհասկանալի է՝ եթե խոսքը գնում է գույքի շուկայական գնի մասին, ապա այդ դեպքում խնդրել ենք տրամադրել գույքի գնահատման հաշվետվության պատճենը»,- ասաց փաստաբանը:
Մեզ հետ զրույցում Սիրունյանը պարզաբանեց` վաճառված շենքի տակ ժամանակին գարեջրատուն է եղել: Տարածքը վարձակալական հիմունքներով զբաղեցրած անձը շուրջ 20 տարի զբաղեցրել է այն: Ու թեև պայմանագիրը դադարեցված չէ, բայց նրան զրկել են տարածքը զբաղեցնելու իրավունքից. «Ստացվում է՝ համալսարանը տարածքը ժամանակին տրամադրել է տվյալ անձին, բայց հետո շենքը վաճառել են։ Մեղմ ասած, մտահոգիչն այն է, որ Երևանի կենտրոնում 5 հարկանի հյուրանոցը վաճառել են ընդամենը 4 մլն դոլարով այն դեպքում, երբ ԵՊՀ խորհրդի որոշման մեջ հստակ գրված է՝ մինչև շենքի վաճառքը կազմակերպել դրա շուկայական գնահատումը, որը, ինչպես հասկանում ենք՝ չի եղել։ Մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի բացատրեն, թե ինչ թիվ է նշված կառավարության որոշման մեջ. շուկայակա՞ն, թե՞ մնացորդային-հաշվապահական: ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված որոշման համաձայն՝ այն պետք է վաճառվեր շուկայական գնով: Համաձայնե՛ք, որ քաղաքի կենտրոնում մեկ քառակուսի մետրը 1450 դոլարով հյուրանոց չի լինում»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ lurer.com