Ուղեցույց ծնողներին
Այս տարիքը, համապատասխան մի շարք տարիքային հոգեբանների աշխատությունների (Օ.Բ. Խուխլաևա, Գ.Ս. Աբրահամովա, Վ.Ս Մուխինա), իր մեջ ներառում է 11-12-ից մինչև 14-16 տարեկանը: Զարգացման համար բավականին կարճ թվացող այս ժամանակահատվածում ավագ դպրոցականը կամ դեռահասն անցնում է երկար հասունացման ճանապարհ, որը կատարվում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական, թե՛ հուզական համակարգերում: Ընդհանուր առմամբ, դեռահասությունը համարվում է կյանքի մի փուլ, որի վերլուծությունը և ընկալումը պահանջում է «զարգացում» հասկացությունը և հետևյալ տերմինների շեշտումը` «փոփոխություն», «մոդիֆիկացիա», «կրթություն», որոնք նկարագրում են հասունացումը տարբեր կողմերից: Ինչպես վեր նշեցինք, դեռահասության շրջանում օրգանիզմը կրում է զգալի փոփոխություններ, որոնք էապես ազդում են կենսաբանական, հոգեբանական և սոցիալական հասունացման վրա: Սեռական հասունացման ժամանակ շատ փոփոխություններ տեղի են ունենում մարմնակազմության մեջ, և ամենակարևորը, փոփոխվում է մտածողության «բնավորությունը»` ընդունելով քանակական և որակական գիտելիքներ: Սոցիալական հասունացումն իրականանում է երկու հիմնական փուլով.
- Ձերբազատում ծնողական խնամակալությունից
- Նոր հարաբերությունների հաստատում հասակակիցների և տարիքով ավելի հասուն անձանց հետ:
Ավագ դպրոցականը չունենալով դեռ կյանքի ուրույն գաղափարների հանդեպ արժեքային և բարոյախոսական մոտեցում, կյանքի առաջատար և գլխավոր համարում է նյութական աշխարհը, որը նրան շրջապատում, կլանում և, ի վերջո, կենսական գործոն է համարվում շատ նպատակների հասնելու համար: Կյանքի նման մոտեցումը դեռահասության հասակում շատ ակտուալ է՝ սոցիալական դիրք, հասակակիցների հետ նույն նյութական հարթության վրա գտնվելու գայթակղություն, հակառակ սեռի աչքերում «ամենա»-ի կերպարը կերտելու ճգնաժամային բնութագրական ցանկություն, ենթագիտակցականից եկող կիրք, որի գիտակցական վերահսկման հմտությունը դեռ փորձառված չէ կյանքի նախամուտքում հայտնված այդ մոլորուն և փնտրող հայացքի բովանդակության համար: Նյութական կյանքից կախվածությունը դեռահասին վերածում է սոցիալական որսորդի, որի համար ամեն տեղեկատվական խայծ գայթակղիչ և օգտակար է: Այդ պատճառով նրանց համար այս տարիքային հիմնական կլանող հատվածները հանդիսանում են կերպարներ փնտրելն ու նույնականանալը, նրանց կերպարով և ոճով ներկայանալը հասարակությանը` հետին պլան մղելով սեփականը և անհատականը, իսկ այս ամենի ուղղիչ հատվածը հանդիսանում է սոցիալականացումը, որը սկսվում է ծննդյան պահից, և դրա առաջին կառույցը հանդիսանում է ընտանիքը:
Դեռահասության շրջանում զարգացման հիմնական խնդիրներն ու փուլերն են.
- Սեռական հասունացում. շատ կարճ ժամանակահատվածում` մինչև չորս տարեկան երեխայի մարմինը կրում է էական փոփոխություններ: Այն իր հետ հետևանքային պատճառաբանվածությամբ բերում է զարգացման երկու հիմնական խնդիր. ա) Ես-ի մարմնական կերպարի վերակառուցման անհրաժեշտություն և իգական կամ արական սեռերի նույնականացման ձևավորում. բ) աստիճանաբար անցում դեպի հասուն սեքսուալություն, որը բնութագրվում է զուգընկերոջ էրոտիկ համատեղելիությամբ և երկու փոխլրացնող կողմերի միացմամբ:
- Կոգնիտիվ զարգացում. դեռահասի ինտելեկտուալ մակարդակի հասունացումը բնութագրվում է որակական և քանակական փոփոխություններով, որոնք դեռահասին տարանջատում են մանկական աշխարհընկալումից: Ստեղծագործական հնարավորությունների առաջացումը պայմանավորված է երկու հիմնական ձեռքբերումներով` հնարավորությունների զարգացում դեպի աբստրակտ մտածելակերպ, և ժամանակի ընկալման լայնատարածում:
- Սոցիալականացում. դեռահասությունը բնութագրվում է նաև սոցիալականացմամբ, այսինքն՝ սոցիալական կապերի կարևոր փոփոխություններով, քանի որ ընտանիքի հիմնականացված ազդեցությունն աստիճանաբար փոխարինվում է հասակակիցների ազդեցությամբ, որոնք իրենց հերթին՝ հանդիսանում են պահվածքի և որոշակի ստատուսի ընդունման ռեֆերենտային նորմերի աղբյուր:
- Նույնականացում. դեռահասության զարգացման ամբողջ ընթացքում աստիճանաբար ձևավորվում է նոր սուբյեկտիվ իրականություն, որը վերափոխում է անհատի պատկերացումներն իր և շրջապատի մասին: Իրականացնելով հոգեսոցիալական նույնականացումը (ինչն ընկած է դեռահասի ինքնագիտակցության ֆենոմենի հիմքում), պետք է նկատառել, որ այն իր մեջ ներառում է երեք հիմնական խնդիր, ա) սեփական Ես-ի ժամանակային գիտակցումը` ընդգրկելով իր մեջ մանկությունը, այսինքն՝ անցյալը, և նախագծելով իր Ես-ն ապագայում, բ) գիտակցել սեփական նոր ստեղծած կերպարի առավելությունը ծնողների սպառված կերպարների հանդեպ, գ) ընտրողական համակարգերի իրականացումը, որոնք ապահովում են անհատի ամբողջականությունը (հիմնական խոսքը գնում է մասնագիտության ընտրության, սեռական պատկանելության ընտրության և նպատակադրումների համակարգի օգտագործման մասին):
Մեր հասարակության նորարարությունների և ավանդույթների կրողները հանդիսանում են անհատները, որոնք կյանք են մտնում որոշակի պատկերացմամբ և պահանջներով: Որքան նրանցում ինքնագիտակցումը և ինքնուրույնն ավելի շատ սերմանված լինի, այնքան նրանք ավելի առողջ հասարակություն կկերտեն՝ իրենց վարքով, սոցիալական ներկայանալիությամբ և սեփական կյանքի գոյության գիտակցմամբ:
Կամիլա Խաչատրյան