Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Facebook»-ի իր էջում գրառում էր կատարել՝ հանդես գալով սոցիալապես անապահով մարդկանց բնակարանային խնդիրը ժամանակավորապես լուծելու առաջարկով:
«Դիմում եմ այն մարդկանց, որոնք Երևանում կամ Հայաստանի որևէ այլ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից»,- ասել էր նա:
Ինչ խոսք՝ առաջարկը ողջունելի է, սակայն հարց է, թե սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներից քանիսը կողջունեն այս քայլն ու իրենց տներն անվարձահատույց, թեկուզև ժամանակավոր, այլոց կհանձնեն՝ բնակության: Բոլորս գիտենք, որ արտասահամանում գտնվող մեր հայրենակիցներն իրենց երևանյան բնակարանները հիմնականում վարձով են տալիս, կամ էլ ուղղակի փակում են տան դուռն ու հեռանում՝ այն չվստահելով ամենամտերիմ հարազատին անգամ:
Արդարության համար նշենք, որ պատկերն այլ է մարզերի դեպքում, քանի որ գյուղերում առանց այն էլ բնակության խնդիր կա: Եվ մարդիկ, առանց որևէ մի պաշտոնյայի հորդորի էլ, իրենց տները բնակության համար հանձում են այլոց: Այս կերպ լուծվում է ոչ միայն տուն չունեցող մարդկանց կեցության խնդիրը, այլ նաև տունը չխարխրվելու, բարձիթողի վիճակում չթողնելու հարցը:
Ինչևէ, Աստծուց առաջ չընկնենք, ու սպասենք, թե քանի մարդ կհամաձայնի այս առաջարկին: Մինչ այդ նկատենք՝ վարչապետ Փաշինյանն ընտանիքի հետ բնակվում է կառավարական ամառանոցում, ուր տեղափոխվել են Շագավիթ համայնքի իրենց բնակարանից: Այն «Հայրենիք» կոչվող տարածքում է գտնվում: Ստացվում է՝ վարչապետ Փաշինյանի սեփական բնակարանը նույնպես ազատ է այս պահին, այնտեղ բնակվողներ չկան: Ըստ տրամաբանության՝ տիկին Հակոբյանը հենց առաջինը պետք է հայտարարի իրենց բնակարանը սոցիալապես անապահով ընտանիքի հանձնելու մասին: Կանի՞ նա այդ քայլը, թե՞ ոչ, չգիտենք, համենայնդեպս՝ ակնկալում ենք, որ որպես ծրագրի իրագործման ջատագով՝ առաջինը հենց Փաշինյանների ընտանիքն իրենց բնակարանը կտրամադրի սոցիալապես անապահով որևէ ընտանիքի: