Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության եւ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչները:
Տեղում են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արսեն Արմենակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաև մահվան հանգամանքները: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզ կլինի նախաքննության ընթացքում:
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը բնակվում էր նշված շենքի 14-րդ հարկում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: