«Վաղը Հայաստան կժամանեն Մինսկի Խմբի համանախագահները։ Առաջնագծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զոքի շարունակվող կուտակումների ֆոնին այս այցը շատ կարևոր է։
Փաստացի համանախագահները գալիս են Հայաստան այն ժամանակ, երբ երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, և ներկա իշխանություններն ունեն հանրության վստահության մեծ պաշար ի տարբերություն նախորդների։ Այսինքն առնվազն կարելի է ակնկալել, որ տրամադրությունների փոփոխության ականատես կլինենք։ Փաստացի իշխանափոխությունից հետո ռուսական կողմի լծակները հայկական կողմի վրա անհամեմատ քչացել են։ Ապրիլյանին երևաց, որ պատերազմով հարց լուծել չստացվեց, իսկ այսօր արդեն իշխանական վերնախավն էլ նրանց ազդեցության գոտում չէ, իսկ այլ լծակներ գործածելը չի բխում հենց ռուսների շահերից, զուտ որովհետև հանրային տրամադրություններից շատ զգուշավոր են դարձել և մեկ անհաջող քայլը կարող է անդառնալի սեպ խրել հայ-ռուսական ոխերիմ բարեկամության մեջ։
Իհարկե կան անհանգստություններ կապված Նախիջևանում հակառակորդի դիրքերի ամրացման, ԵԱՀԿ դիտորդների առաջնագիծ չթողելու հետ (սա իրականում առաջին դեպքը չէր) և սահմանին կուտակումների հետ, բայց կարծում եմ, այս հանդիպման ավարտին ավելի հստակ կլինի, թե հակառակորդը կգնա կտրուկ քայլերի ամռանը, թե կսպասի աշնանը պլանավորված ԱԳ նախարարների հանդիպմանը, որը դեռ այդքան էլ պարզ չէ կկայանա, թե ոչ»,- իր էջում գրել է Մարինե Մանուչարյանը։