Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի 11,8-րդ կմ-ում հունիսի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Արարատճանշին» կազմակերպության աշխատակիցները փլուզված տարածքը արգելապատել են անվտանգության ժապավեններով և տեղում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։
«Արարատճանշին»-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ չնայած անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում, բայց կա նոր փլուզման վտանգ։ Նա նաև նշեց, որ տեղի ունեցածի պատճառը վերջին օրերի հորդառատ անձրևներն են, ինչի հետևանքով ավելի քան 70 տարի առաջ կառուցված հենապատը չի դիմացել։