SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, հունիսի 12-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «կրծքավանդակի ու մեջքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակչուհի՝ 69-ամյա Թամարա Խ.-ն է։ Վերջինս իրավապահներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է 1 օր առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժնի վարչաան շենքում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն վարչական շենքում է գտնվում և Վաղարշապատի ոստիկանությունը, և Վաղարշապատի քննչական բաժինը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: