Ֆրանսիայի երեք խոշորագույն հեռուստատեսային ընկերություններ՝ France Televisions-ը, TF1-ը և M6-ը, կստեղծեն հոսքային տեսանյութերի նոր ծառայություն, որը պետք է դառնա Netflix ամերիկյան ծառայության մրցակիցը: Այդ մասին ասված է հեռուստաալիքների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 15-ին:
Ինչպես նշվում է, խոսքը OTT (Over the Top) տեխնոլոգիայով աշխատող ծառայության մասին է, որը Համացանցի միջոցով, առանց կապի օպերատորի հետ ուղղակի շփման, ծառայությունների մատակարարից տեսաազդանշանների առաքում է ապահովում հեռուստադիտողի սարքին: Ֆրանսիական նոր ծառայությունը կունենա SALTO անվանումը:
«SALTO-ի շնորհիվ France Televisions, M6 և TF1 ընկերությունները մտադիր են հավակնոտ պատասխան առաջարկել հանրության նոր սպասումներին՝ ապահովելով որակյալ, ինովացիոն ու դյուրին մուտքը ծառայություն»,- նշվում է հայտարարության մեջ: «Այդ հեռուստատեսային հարթակը թույլ կտա լավագույն հեռուստածրագրեր դիտել ինչպես ուղիղ եթերով, այնպես էլ տեսագրությամբ, ինչպես նաև իր համար բացահայտել միանգամայն նոր հեռուստանախագծեր»,- նշում են հեռուստատեսության ոլորտի մասնագետները:
SALTO-ն խոստանում է հեռուստադիտողներին տրամադրել հեռուստատեսային արտադրանքի լայն ընտրանի. լրատվական թողարկումներ, հատուկ ռեպորտաժներ, մարզական հեռարձակումներ, ժամանցային հաղորդումներ, ֆրանսիական և ամերիկյան հեռուստասերիալներ և վավերագրական ու գեղարվեստական կինո:
SALTO-ի ստեղծումը դարձել է ամերիկյան Netflix ծառայության լսարանի սրընթաց աճի պատասխանը, որը Ֆրանսիայում չորս տարվա աշխատանքի ընթացքում հավաքել է արդեն 3,5 մլն բաժանորդ: Liberation թերթի տվյալներով, Netflix-ի ֆրանսիական լսարանն ամսական ավելանում Է 10 հազարով, և նման տեմպերով ամերիկյան ծառայությունն արդեն շուտով կարող է դառնալ երկրում վճարովի TV-ի խոշորագույն հարթակը, առաջ անցնելով ներկայիս առաջատարից՝ Canal-plus մալուխային ցանցից, որը ներկայում ունի 4,9 մլն բաժանորդ:
1997 թվականին հիմնադրված Netflix ամերիկյան ժամանցային ծառայությունը հոսքային տեսանյութերի առաքման ծառայություններ է տրամադրում Համացանցի միջոցով: Ներկա դրությամբ ցանցը հեռարձակում է իրականացնում աշխարհի ավելի քան 190 երկրների տարածքում և խոշորագույնն է շուկայում:
2013 թվականից Netflix-ն զբաղվում է սեփական սերիալների արտադրությամբ: 2017 թվականի ամռանն ընկերությունը հայտարարեց, որ աշխարհում իր բաժանորդների թիվը գերազանցել է 100 միլիոնը: 2018 թվականի սկզբին Netflix-ի կապիտալիզացիան առաջին անգամ կազմել է ավելի քան 100 մլրդ դոլար: