Այսօր, հունիսի 16-ին, արտակարգ և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Աարատի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Էրեբունի» հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ՝ 20-ամյա Գևորգ Մ.-ն է, 62-ամյա Դերենիկ Մ.-ն և նույնպես 62-ամյա Սուսաննա Ա.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջիններս ստացել են «պոլիտրավմա», «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներ: Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, 2 անհայտ քաղաքացի, դեռևս չպարզված հանգամանքներում մտել են վիրավորների տուն, և առանց որևէ պահանջ կամ պահանջներ ներկայացնելու, իրենց մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածել են վերջիններիս և դիմել փախուստի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին հայտնաբերելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկաները գտնելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տուժածները ընտանիքի անդամներ են: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: