Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված կոռուպցիոն գործն ամենամեծամասշտաբն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեծ: Փաշինյանն այս մասին հայտարարեց հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստում:

 «Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, թե ինչ առիթով ենք այսօրվա նիստը հրավիրել: Տեղյակ եք երեկվա և նախորդ օրվա իրադարձություններին: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել: Առանց որևէ անմեղության կանխավարկած խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք, թերևս, երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ և սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով ցնցող են, շոկային են հայ հանրության համար: Երեկ աշխատանքային կարգով շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և նրան խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել ԱԱԾ այն աշխատակիցներին, ովքեր մշակել են այս օպերացիան և իրականացրել, ուզում եմ այդ շնորհակալության խոսքերը կրկնել պաշտոնապես»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ բոլորն էլ հասկանում են, որ գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել. դրան նախորդել է ծավալուն աշխատանք:

«Այս աշխատանքի ընթացքում մենք նաև որոշակի խնդիրներ և օրակարգ ենք ձևակերպել, որը վերաբերում է նաև իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին: Առաջիկա օրերին խորհրդակցություն կհրավիրեմ այս թեմայով, որպեսզի մենք այս հարցում որոշ հստակեցումներ մտցնենք և զարգացնենք իրավապահ համակարգի փոխգործակցության մակարդակը: Հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով: Գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը, ես հույս ունեմ, որ քննությունը կընթանա պատշաճ մակարդակով և գլխավոր դատախազությունը կապահովի քննության պատշաճ մակարդակը: Ասեմ, որ ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի այս գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն և կանչվեն պատասխանատվության, անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ և ինչպես մյուս բոլոր դեպքերում որևէ արգելակներ և խոչընդոտներ չկան և չեն կարող լինել»,- ասաց ՀՀ վարչապետը: