Արդեն հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված իրերի մեջ է եղել նաև թիվ 164 հիմնական դպրոցի անձնակազմի կողմից ուղարկված միջոցները:
ArmLur.am-ը գրել էր նաև, որ 164 հիմնական դպրոցի մանկավարժներին տարել են հարցաքննության:
Ուշագրավն էլ այնն է, որ Պաշտպանության նախարարությունից դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանին շնորհակալություն են հայտնել՝ գեներալ Մանվելին ուղարկած օգնության համար։ Շնորհակալություն հայտնողը գեներալ, պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանն է եղել:
ArmLur.am-ը կապ հաստատեց Վարդան Ավետիսյանի հետ` հասկանալու համար, թե ինչ են եղել դպրոցի կողմից հավաքված իրերը: Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ապրիլյան պատերազմի օրերին իրենք հավաքագրում էին ազատամարտիկներին և աշխարհազորայիններին, սպառազինում, հանդերձավորում և ուղարկում Արցախ: Նրա խոսքով, հենց այդ օրերին է սկսվել նաև օգնության մի շարժում` բազմաթիվ դպրոցներից, մանկապարտեզներից անգամ, բարերարներից օգնություններ են ստացել:
«Բացատրեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել: Լրացուցիչ օգնություններ էինք տալիս ջոկատի անդամներին, նրանք դա դնում էին ավտոբուսների մեջ և գնում նշանակման վայր: Մենք այդ օրերին բազմաթիվ մարդկանց ենք հավաքագրել ու ուղարկել, հետո ասել են էլ կարիք չկա, դադարեցրել ենք: Այդ մարդկանց հետ նաև այդ օգնությունները համամասնաբար ըստ ջոկատների, ըստ ուղղության դրել ենք», – բացատրեց նա: Ավետիսյանի խոսքով, ԵԿՄ-ն հենց առաջին օրվանից ամենաարագ արձագանքող կառույցներից է եղել և իրենց հետ այդ օգնությունները նրա խոսքով, բերել են հրապարակ և ասել, որ դրանք էլ տան զինվորներին:
«164 դպրոցն էլ էր արկղ բերել, մենք դա տվել ենք ԵԿՄ անդամներին, որ այդ ավտոբուսներով տանեն: Որ ավոտբուսներում տեղ չէր լինում, դրանց ուղեկցում էին փոքրիկ բեռնատարներ, շատ հաճախ դրանց մեջ էին դրվում: Թե ինչպես է հայտնվել այդ պահուստներում, ես ոչինչ չեմ կարող ասել», – հավելեց նա: Ավետիսյանը հավելեց, թե ցավ է ապրում ամեն ինչի համար` նշելով, որ իրեն դեռ ԱԱԾ հարցաքննության չեն կանչել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am