«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան

Հատուկ Զինված ուժերի համար արտադրված իրերն ու մթերքները «Երկրապահ» կամավորականների միությանը փոխանցվել են օրինական ճանապարհով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պարզաբանելով օրինական փոխանցման ճանապարհները:

«Երկու հիմնական ճանապարհ կա` ԵԿՄ-ն 20 և ավելի տարի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ժամանակ դիմում է Պաշտպանության նախարարությանն ու ստանում տարբեր տեսակի պիտույքներ, երկրորդ ճանապարհն էլ` գիտեք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և ՊԲ պաշտոնական մատակարարման վրա են եղել, այսինքն՝ հստակ ստացել են սնունդ, հանդերձանք և այլն: Թե կոնկրետ այս երկու ճանապարհներից որ մի մասի պիտույքների, սնունդի և մնացած իրերի մասին է խոսքը, որոնք գտել են, չեմ կարող ասել, ցույց կտա քննությունը», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին` արդյոք ՊՆ-ն չուներ հատկացումներ անելուց հետո վերահսկողական մեխանիզմներ, մամուլի քարտուղարն արձագանքեց` չուներ. տրվում էին հաշվետվություններ, որոնք ևս կուսումնասիրվեն: «Մեզ արդեն դիմել են համապատասխան մարմինները», – ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զենք զինամթերքին` ՊՆ մամուլի քարտուղարը նշեց, որ դրանք չեն հատկացվել ՊՆ կողմից:

«Այնտեղ կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ չէին կարող օրինական լինել, օրինակ` նռնականետեր եմ նկատել տեսանյութում», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին արտերկրից ուղարկված օգնության, դպրոցականների ուղարկած ծանրոցների յուրացումներին, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց` Պաշտպանության նախարարությունը սրա հետ որևէ առնչություն չունի: