Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. Սեյրան Օհանյան
Advertisement 1000 x 90

Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. Սեյրան Օհանյան

Մանվել Գրիգորյանին ճանաչել ենք որպես մարտական, ծառայողական ընկեր, որն Արցախյան ազատամարտի ժամանակ բավական լուրջ ներդրում և արժանիքներ է ունեցել. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներին՝ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Բայց տվյալ երևույթն ինչպես ամբողջ ժողովրդի համար, այնպես էլ մեր համար, նաև իմ համար շատ մեծ ցավ է։ Տպավորություններն, իհարկե, վատն են։ Կարծում եմ, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ պետք է սպասել, թե իրավապահ մարմինները ինչ կասեն, որովհետև, բավականին լուրջ ընթացակարգեր պետք է անցնեն ամբողջությամբ պարզելու իրողությունները», – ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց՝ ես ցավ եմ ապրում, որովհետև, ի վերջո, այդ ամեն ինչը տարվել է մեր զինվորից։

«Հատկապես աշակերտների նամակների առկայությունը, որոնք իրենց սիրտն էին բացել մեր զինվորների առջև՝ տրամադրելու, որ իրենք պայքարեն, այնպես, ինչպես իրենք արել են Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իհարկե, երևույթը տհաճ է։ Բայց պետք է պարզաբանումներ լինեն, որովհետև մատակարարման խնդիրները մի քանի հարթության վրա են իրականացվում», – նշեց նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ պաշտպանության նախարարությունն իրականացնում է գնումների գործընթաց և նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի միջոցով՝ և՛ անմիջապես զորամասեր, և՛ գլխավոր շտաբի թիկունքի վարչության միջոցով է իրականացնում մատակարարումը։

«Իսկ թե ինչպես են դրանք հայտնվել Երկրապահ կամավորականների մոտ, պետք է լուրջ ուսումնասիրեն, որովհետև իրենք մասնակցել են տարբեր հավաքների և զորահավաքային պատրաստության», – ասաց Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, թե տեղյակ չի եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։