«Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանի կարծիքով՝ վարչապետի՝ հեռուստաընկերություններին ուղղված կոչը ճիշտ չէր։
«Ճիշտ կլինի, որ պարոն Փաշինյանն ունկնդիր լինի այն կոչին, որը Երևանի պետական համալսարանում արեց իր կինը՝ Աննա Հակոբյանը՝ «թողեք մամուլն աշխատի»»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Tert.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նկատի ուներ և որ հեռուստաընկերությանը նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, ասել էր, որ խոսքն այն մասին չէ, որ իշխանություններին չեն կարող քննադատել։
«Հասցեատերերի վերաբերյալ վարչապետի գրառմանն ավելացնելու ոչինչ չունեմ, սակայն կարող եմ ասել, որ խոսքն իշխանություններին քննադատության մասին չէ»,- հայտարարել էր Արման Եղոյանը:
Աննա Իսրայելյանն ասաց, որ իսկապես չգիտի, թե որ հեռուստաընկերությունն է, ինչ քարոզչություն է. «Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ճիշտ չէ, որ վարչապետը կամ որևէ պետական պաշտոնյա մամուլի դեմ այդպիսի կոչերով հանդես գա»։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, սակայն, վարչապետի կոչում ԶԼՄ-ների սահմանափակում չի տեսնում: Ըստ նրա՝ սահմանափակում կարող էր լինել հրամանը, կարգադրությունը:
«Նիկոլ Փաշինյանը նկատել է և իր նկատածն է ասում: Վարչապետն իր կարծիքն է ասել, համարում եմ, որ արտահայտվելու իրավունք ունի: Պատկերացրեք՝ նույնիսկ վարչապետը, երկրի ղեկավարը, կարող է կարծիք ունենալ: Տեսակետը որևէ կերպ հրամայական կամ կարգադրություն չէ, մանավանդ, որ նա նման լիազորություններ չունի: Համարում եմ, որ բնական է պարբերաբար կարծիք հայտնելը տարբեր բաների մասին: Եթե դիտավորություն ունենար սահմանափակելու՝ կոչեր չէիք լսի, կսահմանափակեր և վերջ, չէինք իմանա»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Ամբողջությամբ՝ tert.am