«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ
Advertisement 1000 x 90

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշքեսան) հարակից` «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:

Ի դեպ, քրեական գործի շրջանակում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով 19.06.2018 թ. ձերբակալվել է Մ. Գրիգորյանի բարեկամ Ա. Հ.-ն:

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են:

Նոր մանրամասներն ու տեսանյութը կհրապարակվեն առաջիկայում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: