Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով, «Ազատության» հետ զրույցում փոխանցել է ինքը՝ Օհանյանը:
«Ազատության» հարցին՝ ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ – «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»:
Պետական եկամուտների կոմիտեն մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ 2014-ից 2017-ի ընթացքում Պաշտպանության նախարարությունում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան երկու զինվորականի, նրանք չեն կալանավորվել: