ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են N զորամասում տեղի ունեցած մի շարք չարաշահումներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017-2018թթ. ընթացքում N զորամասում պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ զորամասի հրամանատարը՝ կոչումով գնդապետ, տեղեկանալով, որ դաշտային ելքին մասնակցած ավտոմեքենաները զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալուց հետո ունեն ավտոբենզինի գերածախս, իր հրամանատարությամբ գործող զորամասի թերությունները հնարավորինս կոծկելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը և հանձնարարել համապատասխան պատասխանատու անձանց պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում կեղծ տեղեկություններ մտցնել, որի արդյունքում որպես վառելիքի գերածախս արձանագրվել է շատ քիչ քանակի ավտոբենզին:
Իրականացված օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև նույն զորամասում ավտոբենզինի հափշտակության, զինծառայողների մասնակցությամբ վիճաբանությունների վերաբերյալ, որոնց մասին հրամանատարը տեղեկանալով դրսևորել է անգործություն և այդ իրավախախտումների մասին չի հայտնել համապատասխան իրավապահ մարմիններին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառել զինվորական ծառայության շահերին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), զորամասի ավտոծառայության պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով, զորամասի ՎՔՆ ծառայության պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314 հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: