Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 54–ամյա վարորդը Honda–ով բախվել է բետոնե պատնեշներին և կողաշրջվել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 54–ամյա վարորդը Honda–ով բախվել է բետոնե պատնեշներին և կողաշրջվել. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում նույն մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ, 54-ամյա Խաչատուր Ալեքսանյանը իր վարած Honda CRV մակնիշի 35 QՕ 783 համարանիշի ավտոմեքենայով Երևան–Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված, բախվել բետոնե մի քանի պատնեշների և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Ալեքսանյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 28-ամյա Վիգեն Ալեքսանյանը, 57-ամյա Աղասիլ Ալեքսանյանը և 51-ամյա Սոֆիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Համբարձումյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են, ավտոմեքենան էլ ճանապարհային ոստիկանների և քննիչների օգնությամբ քարշակի միջոցով տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com