Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր Երևանի ոստիկանապետ է նշանակվել Արտակ Պողոսյանը: Վերջինս մամուլի ուշադրության կենտրոնում է եղել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով: Վեճը հասել է նույնիսկ Եվրոպական դատարան: Լրագրողն ասում է, որ Պողոսյանին այս բարձր պաշտոնում նշանակելն ապտակ է՝ ուղղված լրագրողական համայնքին:
Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:
Դեպքից ամիսներ անց ՀՔԾ-ն կարճել էր քրեական գործով վարույթը՝ «հանցագործության հատկանիշների բացակայության» հիմքով: Անին պատմել էր, որ քրեական գործը կարճել են այն պատճառաբանությամբ, թե իբր ոստիկաններն իր նկատմամբ բռնություն էին գործադրում իր իսկ անվտանգության համար:
«Կարծում եմ, որ այս մարդու նշանակումը այսպիսի պաշտոնում անթույլատրելի է և պետք է դատապարտվի լրագրողական համայնքի ու խոսքի ազատության կողմնակիցների կողմից: Հայաստանում լրագրողի նկատմամբ տեղի ունեցած բռնության առաջին գործն է, որը հասել է Եվրոպական դատարան, ու Արտակ Պողոսյանն այս գործի «հերոսն» է: Տարիներ շարունակ մենք հետևողական ենք եղել, ամեն ինչ արել ենք, որ գործը, որը հայաստանյան բոլոր ներպետական դատական ատյաններում ամեն կերպ կոծկվեց, հասնի ՄԻԵԴ: Այժմ իր նշանակումն ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին»,-«Հետք»-ին ասաց Անի Գևորգյանը:
Լուսանկարը՝ Police.am-ի
Ամբողջությամբ՝ hetq.am