Վերաքննիչ դատարան է բողոքարկվել երիտասարդի առողջությանը կյանքի համար վտանգավոր վնասվածք պատճառելու գործով կայացված դատավճիռը:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 27-ամյա ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով:
Պաշտպանական կողմը վերաքննիչ դսատարանից խնդրել է ավելի մեղմ պատժատեսակ` տուգանք սահմանել` ողջամտության սահմաններում կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
27-ամյա երիտասարդին նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ըստ քրեական գործի նյութերի՝ նա 2016թ. ընթացքում ծանոթացել է աղջկա հետ և վերջինիս հետ մի քանի ամիս շարունակ գտնվել են մտերիմ, ընկերական հարաբերությունների մեջ, որի ընթացքում հաճախակի այցելել է նրան պատկանող տուն:
Դեպքի օրը 27-ամյա ամբաստանյալը կրկին այցելել է ընկերուհու տուն՝ միասին Նոր տարին նշելու համար, որտեղ գտնվել է նաև աղջկա ընկերուհին, ով ևս մասնակցել է ճաշկերույթին: Նույն օրը այնտեղ է եկել ամբաստանյալի ընկերուհու նախկին ընկերը, և որպեսզի ամբաստանյալը չհանդիպի վերջինիս, աղջիկը նրան դիմավորել է տան մուտքի մոտ, և նրա հետ հեռացել են տանից, իսկ ամբաստանյալը որոշ ժամանակ ընկերուհուն սպասելուց հետո հեռացել է նրա տանից:
Ժամը 01-ից 02-ի սահմաններում աղջիկն ու նրա նախկին ընկերը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, միասին վերադարձել են տուն և շարունակել իրենց խնջույքը, որի ընթացքում աղջիկը ցանկություն է հայտնել վերականգնել իրենց հարաբերությունները՝ խնդրելով նրան, որ այդ հարցով զրուցի ամբաստանյալի հետ, որպեսզի վերջինս իրեն չանհանգստացնի: Աղջկա նախկին ընկերը, պարզելով ամբաստանյալի բջջային հեռախոսահամարը, զանգահարել է նրան, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին: Քանի որ տղան գտնվել է ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, աղջկան առաջարկել է անկողինը պատրաստել քնելու համար:
Երբ նրանք գտնվել են ննջարանում, 27-ամյա ամբաստանյալը, հեռախոսազանգով պարզելով, որ այնտեղ է գտնվում նաև իրեն զանգահարած տղամարդը, զայրացել է աղջկա կողմից իր հեռախոսահամարը տրամադրելու և զանգահարելու հանգամանքի վերաբերյալ և եղբոր հետ գնացել են աղջկա տուն, ննջարանում նկատելով աղջկան նախկին ընկերոջ գրկում և ավելի զայրանալով աղջկա կողմից իրեն դավաճանելու պատճառով, սկսել է վիճաբանել վերջինիս հետ, ծեծի ենթարկել նրան՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով գլխի, դեմքի, աջ և ձախ բազուկների շրջանների արյունազեղումների, սալջարդ վերքերի ձևով առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Այդ ժամանակ, երբ աղջկա նախկին ընկերը միջամտել է վիճաբանությանը և հայհոյանքներ տվել 27-ամյա ամբաստանյալի և նրա ծնողների հասցեին, ամբաստանյալը սկսել է ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել նաև տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքի համար վտանգավորության հատկանիշով։
Ըստ մեղադրանքի՝ վիճաբանությանը ներկա ամբաստանյալի եղբայրը կանխել է եղբոր գործողությունները և նրան մի կողմ քաշել, իսկ աղջկա կողմից ննջարանի լույսը միացնելուց հետո, երբ 27-ամյա ամբաստանյալը տեսել է տղամարդու արնաշաղախ դեմքը, դադարել է նրան հարվածել, որից հետո բոլորով սկսել են նրան օգնություն ցույց տալ, մաքրել վերքերը և մշակել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում աղջիկը հաշտվել է ամբաստանյալի հետ, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը և նրա պաշտպանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Ամբաստանյալը հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում ու զղջում կատարածի համար: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: