Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում, որի տնօրենը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի քույրն է՝ Ջեննի Հովսեփյանը, կրքերը չեն հանդարտվում: Քաղաքապետարանի ենթակայության այս հիմնարկի կոլեկտիվի 51 ներկայացուցիչները մոտ մեկ ամիս առաջ բողոքներ էին ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «Ելք» դաշինքին, պահանջելով տնօրենի հրաժարականը:
Տնօրեն Ջեննի Հովսեփյանը սկսել է ճնշել «հեղափոխականներին»՝ մեկից աշխատասենյակն է խլում, մյուսին աշխատանքից է ազատում, սպառնում է աշխատողներին: Մեր հրապարակումից հետո նա ժողով է հրավիրել, մատ է թափ տվել բուժանձնակազմի վրա, ասելով, որ դիմելու է դատախազություն և ոստիկանություն իրեն զրպարտողների դեմ, նաև պահանջել է, որ աշխատողները խոստովանեն, թե ով է լրագրող կանչել:
Գտնվել են մարդիկ, որոնք առաջարկել են Հովիկ Հովսեփյանի քրոջը պաշտպանող նամակ գրել և քանի որ տեքստը դեռ չկար, նրանք առաջարկել են ստորագրություններ հավաքել դատարկ թղթի տակ: Արդեն մեկ ամիս է, Ջեննի Հովսեփյանը աշխատողներին կանչում է, համոզում է, որ նրանք մասնակցեն իր օգտին ստորագրահավաքին, զանգեն առողջապահության նախարարություն, ասեն, որ գոհ են տնօրենից: «Սաղին քաշում, մտցնում է կաբինետ, ասում է, որ եթե նախարարությունից զանգեն, կասեք՝ բողոք չունենք», – ասում է «հեղափոխականներից» մեկը:
Ամբողջությամբ՝ forrights.am