Պարզվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները
Advertisement 1000 x 90

Պարզվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բեյրութի փողոցի միջնամասում մի խումբ անձինք վիճաբանել և բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ, քարերով հարվածել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունը իրականացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը մի քանի երիտասարդ՝ շպարված, կանացի հագուստներով և կեղծամներով, գտնվել են Երևան քաղաքի «Կոմայգի» կոչվող տարածքում։ Նշված վայրով երթևեկել է նաև Երևանի մեկ այլ բնակիչ՝ «BMW 745 i» մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ գտնվել են նաև նրա կինը և վերջինիս քույրը։ Կոմայգում գտնվող անձինք, ավտոմեքենայի կին ուղևորի ձեռքին տեսնելով բջջային հեռախոս և կարծելով, թե իրենց է լուսանկարահանում, վիճաբանության են բռնվել, հայհոյել, քարերով և գարեջրի շշերով հարվածել ավտոմեքենային՝ վնասելով այն, ինչպես նաև բռնություն գործադրել մեքենայի վարորդի և ուղևորուհու նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն կատարելու համար: Դեռևս 2018թ. հունվարի 12-ին երեք մեղադրյալի մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին. նրանց մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Չորրորդ մասնակցի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում վերջինս հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նրա մասով նույնպես հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: